«Ադրբեջանական պետությունը ոչ միայն հանդես է գալիս պատերազմ սանձազերծողի և էթնիկ կոնկրետ խմբի դեմ պետական ահաբեկչական քաղաքականություն իրականացնելու տեսանկյունից, այլ պատերազմ սանձազերծելու հայտարարությունները ինչ-որ տեղ նաև ահաբեկչություն են երկրի էթնիկ մեծամասնություն կազմող ադրբեջանցիների դեմ, քանի որ առողջ բանականությունը հուշում է, որ յուրաքանչյուր անձ դեմ է պատերազմին և բռնությանը, պատեզամի դեպքում յուրաքանչյուրն իրեն տեսնում է որպես պոտենցիալ զոհ, և որևէ մեկը երաշխավորված չէ, որ կարող է ապահովված լինել իր կյանքը պատերազմի սանձազերծման դեպքում, հետևաբար` Ադրբեջանը պոտենցիալ ահաբեկիչ պետության կարգավիճակով է հանդես գալիս սեփական ժողովրդի դեմ»,-նշեց Հ.Դեմոյանը:
Նրա խոսքերով` 1990թ-ի հունվարի 13-19-ը Բաքվում տեղի ունեցած հակահայկական ջարդերը, դիտարկելով ղարաբաղյան հիմնահարցի համատեքստում առանց խորը պատմական վերլուծության, կարելի է միջանկյալ որակել Սումգայիթում տեղի ունեցած կոտորածների, և հետագայում Սումգայիթին ու Բաքվին հաջորդած Ադրբեջանի կողմից պետական մակարդակով իրականացված ռազմական հանցագործությունների միջև: Բաքվի և Սումգայիթի հանցագործությունների անպատժելիությունը, դրանց իրական մեղավորներին պատասխանատվության չենթարկելն ուղղակի պատճառ հանդիսացան, որ պաշտոնական Բաքուն արդեն 1990-1991թվականներին լայնամասշտաբ պատերազմ սանձազերծի Լեռնային Ղարաբաղի խաղաղ հայ բնակչության դեմ, որն ուղեկցվեց պատերազմական հանցագործություններով:
Վերջիններս չեն ստացել իրենց համապատասխան գնահատականը և մեղավորները չեն պատժվել: Հետևաբար, Բաքվի կոտորածները որոշակի առումով նշանային դրվագ են ԼՂ հիմնահարցի պատմության մեջ, քանի որ ակնհայտ է մի քանի շատ կարևոր հանգամանքներ: Հ.Դեմոյանի դիտարկմամբ, նախևառաջ, հակահայկական կոտորածները տեղի ունեցան մի երկրի մայրաքաղաքում: Դա բավական կարևոր երեւույթ է, որը, բարեբախտաբար տեղի չունեցավ Երևանում` չնայած այստեղ էլ կար մոտ 20 հազար ադրբեջանական բնակչություն. դա շատ խոսուն է: Երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանի մայրաքաղաքում տեղի են ունենում հայերի կոտորածներ. 1990թ-ի կոտորածները 1905-ի և 1918թ-ի շարքի շարունակությունն էին, որոնք մեկ ամբողջ շղթայի մեջ միտված են կարևորագույն խնդրի լուծմանը, այն է` Բաքուն վերածել զուտ ադրբեջանական քաղաքի, ինչը ևս այսօր տեղի է ունեցել` եթե չհաշվենք մի քանի հազարի հասնող ազգային փոքրամասնությունները:
«20-րդ դարի վերջին Ադրբեջանը հասավ նրան, որ ինդուստրիալ զարգացած և Անդրկովկասում Ռուսական Կայսրության կարևորագույն կենտրոններից մեկը վերջնականապես ադրբեջանականացվեց: Տեղի ունեցավ մետրոպոլիայի մակարդակով էթնիկ զտում: Եթե հայերի դեպքում այն ուղեկցվեց արյունալի կոտորածներով և ջարդերով, ապա մնացած փոքրամասնությունները, օրինակ, ռուսները և ռուսալեզու ազգաբնակչությունը, տեսնելով այն, ինչ տեղի ունեցավ հայերի հետ, ուղղակի, սեփական անվտանգության նկատառումներից ելնելով, լքեցին Ադրբեջանի մայրաքաղաքը: Բաքուն ամբողջությամբ հայազերծ է: Մի կենտրոն, որն ազգային, քաղաքական, մշակութային կենտրոն էր 20-րդ դարի ընթացքում` գրահրատարակչություն, մամուլ, ազգային բարեգործական կազմակերպություններ կային ոչ պակաս ակտիվ, քան Թբիլիսիում, դադարեց գոյություն ունենալ»,-ասաց Հ.Դոմոյանը` ասվածի վկայությունը համարելով Բաքվի պատմական լանդշաֆտում պահպանված, հայերի կողմից, հայերի միջոցներով, հայ ճարտարապետների ձեռքով կառուցված շենքերը, որոնց ծագումնաբանության մասին ներկայի ադրբեջանական մտավորականներն ու ղեկավարությունը հասկանալի պատճառներով լռում են:
«Եթե խոսենք առողջ բանականությամբ, ապա ցանկացած ազգ կարող է համակեցության սկզբունքներով ապրել թե մեկ պետության մեջ, թե մեկ մայրաքաղաքում, թե մեկ գյուղում: Խնդիրն այն է, թե երկրի ղեկավարությունն ինչ արժեքներ է որդեգրում այլազգիների նկատմամբ: Ադրբեջանի պարագայում ներկայումս բավական սուր է դրված էթնիկ ծագումնաբանությունը: Հայկական, իրանական, ռուսական և հրեական ծագում ունենալը բավական սուր է ընդունվում ներկայիս Ադրբեջանի հասարակական-քաղաքական ընկալումներում: Մարդկանց սևացնելու, փնովելու, վատաբանելու առումով բավական լուրջ գործիքի է վերածվել ծագումնաբանության պրպտումը և արմատների վերհանումը: Այդ երկրում նույնիսկ դատական գործեր կան միմյանց այս կամ այն էթնիկ ծագումնաբանության մեջ «մեղադրելու» առումով»,-ընդգծեց Հ.Դեմոյանը: