Պետք է միջոցներ ձեռնարկել, որպեսզի դադարեցվի իրանական «Սահար» հեռուստաալիքի հեռարձակումն Ադրբեջանի տարածքում, ինչպես նաև պետք է արգելափակվի «Սահար»-ի կայքը:
Այդ մասին իրանական «արաննյուզ.իռ» կայքի հաղորդմամբ` «Ղաֆղազ Ինֆո» գործակալությանը տված հարցազրույցում նշել է Ադրբեջանի Մեջլիսի պատգամավոր Ջավանշիր Փաշազադեն:
«Ադրբեջանցի պատգամավորին խիստ զայրացրել է, այն փաստը, որ «Սահար» հեռուստաալիքը Ադրբեջանում հեջաբի արգելման համար բողոքող ցուցարարների և կուսակցական գործիչների ձերբակալությանն առնչվող տեսանյութեր է հեռարձակել:
Փաշազադեին հավանաբար անհանգստացրել է նաև այն փաստ, որ «Սահար»-ը կարող է բացահայտել Ասթարայի մաքսատանը վերջինիս ծավալած տնտեսական մաֆիոզ գործունեությունը:
Պատգամավորը չնշելով ադրբեջանական «ATV» և «Gunaz TV» հեռուստաալիքների կողմից հեռարձակվող հակաիրանական հաղորդումների գոյության փաստը, նկատել է, որ իրենք էլ պետք է հակաիրանական ուղղվածությամբ հեռուստաալիք ստղծեն»,-գրում է իրանական կայքը:
Բացի այդ ադրբեջանցի պատգամավորը հարցազրույցի ընթացքում նշել է, որ տարիներ առաջ իրանական կործանիչները խախտել են Ադրբեջանի օդային տարածքը, սակայն Ադրբեջանի օդային տարածքում Թուրքիայի կործանիչների ի հայտ գալուն պես իրանցիները հետ են քաշվել:
Ադրբեջանական հեռուստատեսությունների վարած հակաիրանական քաղաքականությանը վերջերս անդրադարձել էր նաև իրանական «աթինյուզ.քոմ» կայքը, որը տեղեկացրել էր, որ Ադրբեջանի «ANS» հեռուստաընկերությունը վերջին շրջանում իր գործունեությամբ միջամտում է Իրանի ներքին գործերին, կեղծ տեղեկություններ տարածելով` տարբեր էթնիկ խմբավորումների շրջանում հակասություններ և անկայունություն է առաջացնում:
/Panorama.am/
|