Блог
Главная »
2010 » Январь » 25 » Ադրբեջանի օմբուդսմենի ապատեղեկատվությունը
18:16 Ադրբեջանի օմբուդսմենի ապատեղեկատվությունը |
Ադրբեջանի օմբուդսման Էլմիրա Սուլեյմանովան հունվարի 25-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, թե «հայկական կողմի այն պնդումները, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը անդամագրվել է Եվրոպական օմբուդսմանների ինստիտուտին (ԵՕԻ) չի համապատասխանում իրականությանը»: Ըստ Ադրբեջանի օմբուդսմանի` իրենք շարունակում են խնդրի ուսումնասիրությունը և փետրվարի 4-ին նախատեսվող ԵՕԻ-ի կառավարման խորհրդի նիստին պատրաստվում են այդ մարմնին ներկայացնել փաստաթղթերի փաթեթ, որով պետք է վիճարկեն ԼՂՀ օմբուդսմանի հաստատության լեգիտիմությունը:
Այս կապակցությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը պարզաբանել է, որ 2009թ-ի օգոստոսի 31-ին Եվրոպական օմբուդսմանների ինստիտուտի գործադիր մարմնի որոշմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությանը շնորհվել է ԵՕԻ-ի լիարժեք անդամի կարգավիճակ: Ավելին, 2009թ-ի հոկտեմբերի 5-ին Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում տեղի է ունեցել ԵՕԻ-ի հերթական ամենամյա ընդլայնված համաժողովը, որի ընթացքում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը ընտրվել է ԵՕԻ-ի կառավարման խորհրդի անդամ, և այդ ընտրություններին մասնակցել են մոտ 60 երկրների ներկայացուցիչներ, որոնց թվում եղել է նաև ԼՂՀ օմբուդսման Յուրի Հայրապետյանը, ով արդեն լինելով այս կազմակերպության լիիրավ անդամ` մասնակցել է կառավարման խորհրդի ընտրություններին:
«Կարծում ենք` ԼՂՀ օմբուդսմանի հաստատության այս միջազգային ճամաչումը և Եվրոպական օմբուդսմանների ինստիտուտին անդամագրվելու փաստը ապացույց է այն համոզման, որ մարդու իրավունքների պաշտպանությունը համամարդկային արժեք է և վեր է կանգնած ցանկացած քաղաքական կամ, ինչպես տվյալ դեպքում, նեղ անձնային շահերից: Ստեղծված պայմաններում մեզ հավանաբար մնում է սպասել տիկին Սուլեյմանովայի պաշտոնական շնորհավորական ուղերձին»,-ասված է ՀՀ ՄԻՊ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի` «Արմենպրես»-ին տրամադրած պարզաբանման մեջ:
|
Просмотров: 700 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |