2010 թվականն Ադրբեջանի համար նշանավորվեց նրանով, որ ավտորիտարիզմն ամրապնդվեց, իսկ ժողովրդավարության հիմքերն Ադրբեջանում թուլացան: Այս մասին «Թուրան» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է Ադրբեջանի Միլի Մեջլիս նախկին պատգամավոր, գիտնական Ջամիլ Հասանլին:
Նա ընդգծել է, որ իր խոսքերի վառ ապացույցը՝ 2010 թվականի նոյեմբերի 7-ին երկրում կայացած խորհրդարանական ընտրություններն են: Վերջինս նաև նշել է, որ երկրի խորհրդարանի կազմն յուրաքանչյուր ընտրությունից հետո ավելի վատ տեսք է ստանում, իսկ խորհրդարանը կորցնում է իր դերն ու նշանակությունը:
Այնուհետև գիտնականն անդրադարձել է 2010 թվականի սեպտեմբերի 2-ին գրանցված մի զավեշտալի միջադեպի: Այդ օրը հանդիսավոր կերպով պետք է բացվեր Պետական դրոշի հրապարակը: Նախատեսված էր, որ այդ միջոցառմանը պետք է մասնակցեին երկրի խորրդարանի պատգամավորները: Սակայն Հասանլիի պնդմամբ, այդ օրը Ադրբեջանի նախագահի աշխատակազմից ուղարկված ցուցակում բացակայում էին մի շարք պատգամավորների անուններ, ավելին՝ նրանց տեղում այլ անձանց անուններ էր նշված. դրանք այն անձինք էին, ովքեր նոյեմբերի 7-ին կայացած ընտրությունների արդյունքում դարձան պատգամավորներ:
Նրա խոսքերով, նախագահի աշխատակազմում խառնել էին ցուցակները և հրավիրվածների շարքում նշել նոր ձևավորվելիք խորհրդարանի անդամներին: Այսինքն՝ ընտրություններից դեռևս մի քանի ամիս առաջ, նախագահականում արդեն «ընտրություն» կատարել ու հաստատել էին ապագա ընտրություններում «ընտրվող» անձանց:
Հասանլին նաև նշել է, որ վերջին տարիներին փոփոխություններ են կատարվել նաև երկրի կառավարման մեթոդներում: Իլհամ Ալիևի կառավարման տարիներին, նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեխտիևի լիազորությունները էականորեն ավելացել են: «Վերջին տարիներին ընթացող զարգացումները ցույց են տալիս, որ Ադրբեջանը շարժվում է դեպի միակուսակցական համակարգի և երկրում կայացած վերջին ընտրությունները նոր փուլ էին դրա ճանապարհին: Իշխանությունները նպատակ էին դրել՝ վերացնել իրական ընդդիմությանը և հասան դրան: Սակայն դրան հակառակ, իշխանությունները ուժեղ ընդդիմություն ստացան ի դեմս հասարակության հսկայական զանգվածի: /Panorama.am/
|