Վերջին օրերին ադրբեջանական քարոզչամեքենան պարբերաբար հանդես է գալիս հայկական բանակի մարտունակության մասին անհեթեթ հայտարարություններով, մտացածին վերլուծություններով, հոդվածներով և տարբեր տրամաչափի գրչակների ու փորձագետների մեկնաբանություններով: Ռազմական գործի ադրբեջանցի «գիտակների» համար հերթական մտավարժանքների առիթ է դարձել Հայաստանում պարտադիր ժամկետային ծառայության սահմանային տարիքն ավելացնելու քննարկումները:
Միաժամանակ նաև հաճախակի են դարձել Հայաստանի Հանրապետության և ԼՂՀ տարածքի ռմբակոծությունների մասին սպառնալիքները, տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների՝ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու հայտարարությունները:
Զարմանալի է, որ «հսկայական» ռազմական բյուջե ունեցող «9 միլիոնանոց» Ադրբեջանը խոսում է սպառնալիքների լեզվով՝ մոռանալով, որ 1990-94թթ. իրենք ունեին «7 միլիոնանոց» երկիր, հսկայական բանակ և ռմբակոծում էին Հայաստանի սահմանային բնակավայրերը և ԼՂՀ ողջ տարածքը: Արդյունքը, Ադրբեջանի խնդրանքով, 1994թ. մայիսին կնքված զինադադարն էր:
Այս ամենի նպատակը ադրբեջանական հասարակությանը մոլորեցնելն է, բանակում տիրող անմխիթար վիճակը կոծկելը և «նոր սպառազինությունների» անվան տակ «լվացված» աստղաբաշխական գումարները հիմնավորելը:
Ադրբեջանի վայ-փորձագետները մոռանում են, որ աշխարհի բոլոր պետությունները ձգտում են ստեղծել պրոֆեսիոնալ բանակ, ինչը բազմիցս ապացուցել է գերազանցությունը ժամկետային ծառայության նկատմամբ: Սա է պատճառը, որ պայմանագրային զինծառայության և սերժանտական ինստիտուտի կայացումը հայկական բանակում առաջացնում է ադրբեջանական զինվորականների նյարդային ջղաձգումները: Պայմանագրայինների շարքերը համալրում են Արցախյան պատերազմի բովով անցած և այդ պատերազմում հաղթանակած զինվորականները, ովքեր մեկ անգամ արդեն ապացուցել են Ադրբեջանին, որ պատերազմներում հաղթում են ոչ թե մեծածավալ սպառազինությամբ ու բյուջեով, այլ ռազմական գիտելիքներով, մարտական ոգով և սեփական հողը պաշտպանելու անկոտրում կամքով:
Ադրբեջանի ռազմաշունչ հայտարարություններին արդեն թերահավատորեն են վերաբերում հենց ադրբեջանցիները. «Պատերազմել ու կորցնել պաշտոնը, փչացնել հարաբերությունները աշխարհի հետ, վտանգի ենթարկել գազի ու նավթի արտահանումը, որը միլիարդավոր դոլարների եկամուտ է ապահովում: Ես չեմ կարծում, որ Ադրբեջանի քաղաքական վերնախավում որևէ մեկը մտածում է և պատրաստ է պատերազմի՝ վտանգելով իր պաշտոնը»,- հայկական լրատվամիջոցներին ադրբեջանական իրականությունն է ներկայացրել Զարդուշտ Ալիզադեն: Ինչպես ասում են՝ մեկնաբանություններն ավելորդ են:
Հ.Գ. 1992թ. մայիսին 2000-ոց զորախմբով Լաչինից խուճապահար ճողոպրած և ներկայումս «Հայաստանի տարածքում գտնվող ցանկացած թիրախ խոցող» Ադրբեջանի պաշտպանության նախարար Աբիևին առաջարկում ենք քիչ հոխորտալ. չի բացառվում, որ պատերազմի վերսկսման դեպքում պարզվի, որ հայերը նույնպես ի վիճակի են ռմբակոծել Ադրբեջանի տարածքում գտնվող ցանկացած թիրախ:
Միաժամանակ խորհուրդ ենք տալիս Աբիևին պակասեցնել ադրբեջանցի զինվորների սնունդը, որպեսզի նրանք, հավելյալ կալորիաները սպառելու նպատակով, չբռնաբարեն միմյանց, ինչը, ադրբեջանական բարձրագույն զինվորական ղեկավարների կարծիքով, շատ բնական երևույթ է:
Գրիգոր Կիրակոսյան պայմանագրային զինծառայող
|