«Երբեմն լսում եմ, ինչպես այս կամ այն ժողովրդի ներկայացուցիչը հպարտությամբ է ներկայացնում "քաղաքակրթությունների խաչմերուկում” իր ժողովրդի գտնվելու փաստը: Արդարության դեմ չմեղանչելու համար ասեմ, որ ես էլ եմ տարբեր առիթներով օգտագործել դա: Իսկապես, ես էլ եմ ներկայացուցիչը մի ժողովրդի, որն իր հազարամյակների գոյության ընթացքում մշտապես գտնվել է այդպիսի խաչմերուկում: Եվ ոչ միայն աշխարհագրորեն: Մենք եղել ենք կրոնների, կայսերական նկրտումների, լեզվախմբերի, աշխարհընկալումների, իսկ 20-րդ դարի ընթացքում` նաև գաղափարախոսությունների խաչմերուկում: Այդ հանգամանքը նպաստել է մեր ժողովրդի զարգացմանը հոգեպես, մշակութապես: Սակայն այն նաև իմ ժողովրդի համար սոսկալի աղետների պատճառ է դարձել: "Խաչմերուկում” ապրող փոքր ժողովուրդները կհասկանան ինձ», - Գերմանիայի Կոնրադ Ադենաուեր հիմնադրամում իր ելույթի ժամանակ ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և նշել, որ մենք արագությամբ մտնում ենք պատմության մի փուլ, որը ենթադրում է բազմաբևեռ աշխարհ:
ՀՀ նախագահը կարծիք է արտահայտել, որ արդարացված են մտավախությունները, որ Հյուսիս-Հարավ-Արևելք-Արևմուտք հակադրության սրացման նույնիսկ թույլ դրսևորումներն ունակ են ջլատելու մեր "խաչմերուկ”-տարածաշրջանը, իսկ կայունությունը կարող է պահպանվել այնքան ժամանակ, քանի դեռ չի հնչել առաջին կրակոցը:
«2008թ. մեծ ճիգերի և զսպվածության շնորհիվ հաջողվեց խուսափել ռազմական առճակատման տարածումից: Երկրորդ անգամ նման հնարավորություն կարող է չտրվել: Ի վերջո, հարյուր տարի առաջ ո՞վ կարող էր ենթադրել, որ Ավստրիայի թագաժառանգ Ֆրանց Ֆերդինանդի սպանությունը կարող է առիթ դառնալ 16 միլիոն մարդկանց սպանության, ևս 31 միլիոն մարդկանց դարձնելով հաշմանդամ:
Եթե կարող ենք ընտրություն կատարել մեր տարածաշրջանի վերաբերյալ քիչ առաջ նշված բնորոշումների միջև, ապա Հարավային Կովկասի ժողովուրդներն ունեն նման աղետալի սցենարներից զերծ մնալու միայն մեկ հնարավորություն` գիտակցել ու տեսնել ապագան` "ընդհանուր հորիզոնը”», - նշել է Սերժ Սարգսյանը:
/Aysor.am/
|