Այսօր Ֆրունզիկը կդառնար 81 տարեկան, եթե ողջ լիներ: Կինոյի եւ թատրոնի մեծ կատակերգուի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստի` Մհեր Մկրտչյանի մահվանից անցել է արդեն 18 տարի, սակայն ժողովուրդը նախկինի պես սիրում է նրան, հուզվում, հրճվում նրա մարմնավորած բեմական ու էկրանային կերպարներով: Մեծ հայը ծնվել է 1930 թվականին հուլիսի 4-ին Հայաստանի ամենկոլորիտային քաղաքներից մեկում` Լենինականում: Հայրը ծագումով մշեցի էր, իսկ մայրը՝ վանեցի։ Գյումրիում սովորել է նկարչական ու երաժշտական դպրոցներում, միաժամանակ հաճախել է թատերական ինքնագործ խմբակ։ 1945-46 թվականին սովորել է Մռավյանի անվան թատրոնին կից ստուդիայում, ավարտելուց հետո, 1947 թվականին ընդգրկվել է նույն թատրոնի հիմնական խմբի մեջ։ Այս թատրոնում Մհերը խաղացել է տասնյակից ավելի մեծ ու փոքր դերեր։ 1953 թ-ին նա տեղափոխվել է Սունդուկյանի անվան թատրոն, սովորել գեղարվեստաթատերական ինստիտուտում։ Բարձր մասնագիտացումը, կերպարին ազգային դեմք ու դիմագիծ հաղորդելու կարողությունը, էկրանի ճշմարիտ զգացողությունն ու շատ այլ հատկանիշներ Մհեր Մկրտչյանին հնարավորություն տվեցին դասվելու կինո արվեստի ինքնատիպ անունների շարքը: Բոլորս էլ հիշում ենք նրա խաղացած անմոռանալի դերերն ու կերպարները` «01-99», «Նվագախմբի տղաները», «Եռանկյունի», «Մենք ենք, մեր սարերը», «Հայրիկ», «Նահապետ», «Կտոր մը երկինք», «Խաթաբալա», «Հին օրերի երգը», «Կովկասի գերուհին», «Այբոլիտ-66», «Միմինո», «Ալի բաբան և քառասուն ավազակները», «Ունայնություն ունայնության» եւ այլն: Մհեր Մկրտչյանը կյանքից հեռացավ 1994 թվականի ամանորյա գիշերը` 63 տարեկանում:
/Times.am/
|