«Արդյո՞ք, Իսրայելը պետք է ներողություն խնդրի Թուրքիայից»,- իր հոդվածներից մեկում այս հարցն է բարձրացնում «Jerusalem Post» պարբերականի հոդվածագիր Դեբորա Դանանը: Լրագրողի կարծիքով` ներողություն խնդրելու Թուրքիայի պահանջը ոչ այլ ինչ է, քան սադրանք: Նյութի հեղինակը համամիտ է Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանի խոսքերի հետ, որը Կնեսետի Արտաքին կապերի և Պաշտպանության հանձնաժողովների հետ հանդիպման ժամանակ ասել է. «Կարիք չկա ներողություն խնդրել Թուրքիայից, նման բան անելը կնշանակեր ստորացված լինել»: Նա նաև նշել է, որ Թուրքիան պահանջում է ներողություն խնդրել, որպեսզի հետագայում կարողանա այդ հանգամանքն օգտագործել որպես տարածաշրջանում սեփական ուժը ցուցադրելու էժանագին քաղաքական միջոց:
Հոդվածագիրը նշում է, որ նման դիվանագիտական «ներողությունները» շատ երկար են մնում հանրային հիշողության մեջ և հավակնում են պատմական իրադարձության արժեք ունենալ իրենից բխող հետագա պարտավորություններով: «Jerusalem Post»-ը հիշեցնում է Թուրքիայի վարչապետ Էրդողանին, որ Իսրայելից ներողություն պահանջող Անկարան ի սկզբանե մերժեց Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ 1.5 միլիոն հայերի կոտորածն իրականացնելու համար հայ հասարակությունից ներողություն խնդրելու գաղափարը, ավելին` Թուրքիան շարունակում է մերժել ցեղասպանության իրականացման փաստը:
«Իսրայելի կողմից Գազայի շրջափակման մասին մտահոգվելուց առաջ Թուրքիան առաջին հերթին պետք է մտածի այն մասին, որ արդեն 16 տարի է, ինչ շրջափակման մեջ է պահում Հայաստանը»,-գրում է նյութի հեղինակը և դիմում Թուրքիայի վարչապետ Էրդողանին. «Ձեր պետության արյունալի էջերը կոծկելու փորձեր անելու փոխարեն մաքուր թուղթ վերցրեք և փորձեք նոր էջ բացել Ձեր պետության պատմության մեջ: Երբեք չգիտեք, գուցե եթե քրդերից ու հայերից ներողություն հայցեք, դա կխթանի Իսրայելին` հետևել Ձեր օրինակին»:
/Panorama.am/
|