«Ադրբեջանի իշխանությունը կոռուպցիայի դեմ պայքարի համար Համաշխարհային բանկի կողմից հատկացված 1 մլրդ դոլարը, իրականում, յուրացրել է: Այսինքն` հակակոռուպցիոն միջոցառումների շրջանակներում կոռուպցիա է տեղի ունեցել»,- այս մասին pia.az-ին հայտնել է ներիշխանական աղբյուրը:
Հիշեցնենք, որ անցյալ տարվա վերջերին Ադրբեջանի կառավարության և Համաշխարհային բանկի միջև կոռուպցիայի դեմ պայքարի շուրջ ձեռք բերված համաձայնության արդյունքում միջազգային ֆինանսական ինստիտուտը Ադրբեջանին 1 մլրդ դոլար է հատկացրել: Դրանից հետո, կոռուպցիայի դեմ պայքարի պատրանք ստեղծելով, պաշտոնական Բաքուն պատժում է տասնյակ մանր չինովնիկների, մի քանիսին` նույնիսկ ձերբակալում: Սակայն հենց սկզբից էլ զգացվում էր, որ գործընթացը հիմնավոր բնույթ չի կրելու, քանի որ այն չի վերաբերում գլխավոր կոռուպցիոներներին: Ավելին, իշխող վերնախավի` գործընթացից դուրս մնալն այն ճշմարտության ցուցադրությունն է, որ ՀԲ-ի 1 մլրդ դոլարը յուրացվում է:
Աղբյուրի խոսքերով` այդ պատճառով արդեն առարկություններ են հնչում պաշտոնական Բաքվի հասցեին. «ՀԲ-ն անուղղակի ճանապարհներով հայտարարել է, որ նույնիսկ կարող է վերջ դնել Ադրբեջանի հետ իր համագործակցությանը»:
Աղբյուրը հայտնում է, որ առաջիկա օրերին սպասվում է ՀԲ պատասխանատու անձանցից մեկի այցը Բաքու: «Մոտ մեկ ամսից տեղի ունենալիք այդ այցի ժամանակ կոռուպցիայի դեմ պայքարի հաշվետվություն է պահանջվելու Բաքվից: Իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության ղեկավարությունը մեկ ամիս ժամանակ ունի` միջազգային կազմակերպությանը մի կերպ բավարարելու համար»,- նշում է աղբյուրը:
/Panorama.am/
|