Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ նախագահությունը, վերլուծելով ԼՂՀ-Ադրբեջան սահմանի վրա հունիս ամսին տեղի ունեցած միջադեպերը և այն համադրելով մայիսին Զայլսբուրգում կայացած «Թուրքիա- ԵՄ» ֆորումի արդյունքների հետ, որոշակի եզրահանգումների է եկել:
«Նախ Զայլսբուրգում Թուրքիայի բարձրագույն իշխանությունների ներկայացուցիչ Սուատ Կինիկլիուղլուն պաշտոնապես դիմեց ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանին` խնդրել-հորդորելով, մեջբերում ենք. «չխանգարել, այլ օգնել ՀՀ նախագահին կատարելու Վաշինգտոնում Օբամայի և Էրդողանի հետ հանդիպման ժամանակ ունեցած պայմանավորվածությունը` այն է կարճ ժամանակամիջոցում Ֆիզուլիի և Քելբաջարի շրջաններն Ադրբեջանին վերադարձնելու հետ կապված»: Այս հայտարարությունը կրկնվեց Կինիկլիօղլուի կողմից շաբաթներ անց Վաշինգտոնում ելույթի ժամանակ և այն հաստատեց նաև Էրդողանն` ավելացնելով, որ 2 շրջանների հանձմանն անմիջապես կհաջորդի հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը և սահմանների ապաշրջափակումը Թուրքիայի ու նույնիսկ Ադրբեջանի կողմից:
Այնուհետև, մայիսի վերջին Եվրոպայի գաղտնի ծառայությունների կողմից մեզ հաղորդվեց հետևյալ տեղեկույթը. կա պայմանավորվածություն ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների միջև, որ ամռան ամիսներին արցախյան սահմանագծի վրա կազմակերպվելու են միջադեպեր` Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հետ պայմանավորված, որի արդյունքում սկզբում տրվելու են տասնյակ զոհեր, այնուհետև կազմակերպվելու է կարճ, մեծածավալ պատերազմ, որում երկու կողմերից զոհերի թիվը կարող է հասնել հազարների: Պատերազմն ընդհատվելու է գերտերությունների կողմից, և վերը նշված շրջաններ մտցվելու են խաղաղապահ զորքեր` Ֆիզուլի ԱՄՆ-ի կողմից, Քելբաջար` Ռուսաստանի:
Այս տեղեկատվության իրավացիությանը կարելի է կասկածել, կարելի է մասամբ հավատալ և կարելի է ամբողջովին հավատալ: Եթե ելնենք հունիսին արդեն կայացած միջադեպերից և դրան տրված միջազգային հանրության արձագանքից, հատկապես Մինսկի խմբի համանախագահների ու ամերիկյան իշխանության կողմից տրված կողմնակալ և զսպված գնահատականներից, կարելի է այդ տեղեկատվությանը հավատալ: Տեղեկատվությանը հավատալուն տրամադրում է նաև ԱՄՆ-ի վարչակազմի Իրանի ադրբեջանական սահմանագծին մոտ զորքեր մտցնելու հավաստի ցանկությունը: Մեզ համար շատ կասկածելի է այսպիսի պայմանավորվածությանը ՀՀ նախագահի մասնակցության տարբերակը: Այստեղ մենք ավելի շատ թուրքական սադրանքի հոտ ենք առնում` սփյուռքին ՀՀ նախագահի հետ հակադրելու միտումով, սակայն ոչինչ չբացառելու սկզբունքով քննարկման ենք ներկայացնում դեպքերի զարգացման բոլոր հնարավոր տարբերակները: Կարծում ենք, որ բոլորովին ավելորդ չի ողջ աշխարհի հայության ուշադրությունը բևեռելու վերոհիշյալ տարբերակների վրա` Արցախի և Հայաստանի գլխին կախված արհավիրքից ազատվելու համար, հատկապես որ արցախյան խնդրի զարգացման վերջին ամիսների գործընթացը բավականին հաստատում է վերը բերված վերլուծության ճշմարտացիությունը», - ասված է ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարության տարածած հաղորդագրությունում:
/Aysor.am/
|