Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ազգային նոր պահպանողական շարժման առաջնորդ Էդուարդ Ափրամյանը, անդրադառնալով թուրք-իսրայելական հարաբերությունների լարվածության արդյունքում Հայոց Ցեղասպանության ճանաչման հնարավորությանը, նկատեց. «Ցեղասպանության խնդիրն այն հարցը չէ, որ կարելի է քննարկել, ընդունել, և գործը ավարտված համարել»:
«Իսրայելը բազմիցս նշել է, որ ցեղասպանության ընդունումը Թուրքիայի հետ հարաբերությունները վատացնելու կամ Հայաստանի հետ այն շտկելու մեջ չէ: Հայոց Ցեղասպանության հարցը թե’ Իսրայելի, թե’ ԱՄՆ-ի համար Թուրքիայի վրա ազդելու ավելի մեծ ռեսուրս է` «ոսկե փամփուշտ», որը նրանք դեռևս չեն օգտագործում», - ասաց բանախոսը:
Անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Էրդողանի արած հայտարությանը` Ափրամյանը նշեց, որ Թուքիայի վերնախավի և հասարակության վրա մեծ ազդեցություն ունի հայկական Սփյուռքը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը լատինաամերիկյան շրջագայության ժամանակ չեղյալ էր հայտարարել մայիսի 30-31-ն Արգենտինա նախատեսված այցելությունը: Այցը չեղյալ էր հայտարարվել այն պատճառով, որ արգենտինահայ համայնքի ջանքերով Բուենոս Այրեսի իշխանությունները հրաժարվել էին քաղաքում տեղադրել Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կիսանդրին:
«Հայ-թուրքական հարաբերություններում մեծ է Սփյուռքի գործոնը, որն առաջ է քաշում Ցեղասպանության խնդիրը: Սփյուռքը սահմաններ չունեցող ուժ է: Այն Թուրքիայի համար առաջ է բերում շատ ավելի մեծ դժվարություններ, քան շատ այլ երկրներ: Հայկական սփյուռքի կատարած քայլերը ծանր հարվածներ են հասցնում Թուրքիայի ղեկավարությանը», - նշեց Է. Ափրամյանը:
Նրա կարծիքով, Էրդողանի արած էմոցիոնալ հայտարաությունը հենց Սփյուռքի ուժի արդյունք է, և հայ-թուրքական հարաբերություններում այն մեծ քաղաքական ռեսուրս է:
/Aysor.am/
|