Ամերիկյան հեղինակավոր «Ալան Մարշալի հիմնադրամ»-ը, վերլուծելով Թուրքիայի` Եվրամիությանն անդամակցել-չանդամակցելու հարցում ԵՄ-ի կողմից ցուցադրվող դիրքորոշումը, եկել է այն եզրահանգմանը, որ Թուրքիան կարող է նախընտրել չմտնել ԵՄ: Ինչպես հաղորդում է թուրքական «Միլիեթ» թերթը, Անկարայի արտաքին քաղաքականությանը նվիրված զեկույցը հրապարակած հիմնադրամի վերլուծաբանների կարծիքով, Թուրքիային այլևս չի բավարարում ոչ «Արևմուտքի առաջավոր բաստիոնի» դերը, որը նա խաղացել է «սառը պատերազմի» ժամանակ, ոչ էլ ներկայում` «Ասիայից` Եվրոպա կամրջի» դերը:
Ըստ հիմնադրամի փորձագետների, Թուրքիան դառնում է ավելի ազդեցիկ խաղացող մերձավորարևելյան տարածաշրջանում, Բալկաններում, Հարավային Կովկասում, և Արևմուտքում ավելի հստակ է զգացվում Թուրքիային «կորցնելու» վախը: Զեկույցի հեղինակներն այդ անհանգստություններն արդարացված չեն համարում, հակառակը, նրանք համարում են, որ Թուրքիայի անկախ քաղաքականությունը նրան ավելի գրավիչ գործընկեր է դարձնում ԱՄՆ-ի և Եվրոպայի համար:
«Երկրի կյանքում բանակի դերը սահմանափակած դեմոկրատական Թուրքիան, մասնավորապես, կկարողանա խաղալ ավելի նկատելի դեր` պայթյունավտանգ Մերձավոր և Միջին Արևելքում իրադրության նորմալացման գործում: Այսպիսով, Արևմուտքը պետք է ավելի ակտիվ օգտագործի այդ երկիրը` Արևմտյան Ասիայում իր քաղաքականության իրագործման համար: Իսկ Թուրքիան կկարողանա օգտվել իր դիրքից այն բանի համար, որ Նորվեգիայի և Շվեյցարիայի կարգավիճակին նման կարգավիճակ ստանա»,- եզրահանգել են զեկույցի հեղինակները:
|