Կառավարող իսլամիստական «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) մտադիր է մինչև մարտի վերջ երկրի խորհրդարան ներկայացնել սահմանադրական բարեփոխումների նախագիծը, ինչի մասին անձամբ հայտարարել է Թուրքիայի վարչապետ Էրդողանը: Երևում է` Էրդողանը համապատասխան եզրակացություններ է արել 2008 թ-ի դատավարութունից, որի ընթացքում աշխարհիկ ուժերը փորձել են հասնել ԱԶԿ արգելմանը` սահմանադրական նորմերի խախտման համար, և այժմ փորձում է համապատասխան ուղղումներ մտցնել հիմնական օրենքում:
«Մենք չենք խոսում ամբողջ սահմանադրության փոփոխման մասին», -ընդգծել է նա, պարզաբանելով, որ խոսքը գնում է միայն քաղաքական կուսակցություններին և դատական մարմինների լիզազորություններին վերաբերող հոդվածների մասին: Թուրքիայի ներկայիս սահմանադրությունն ընդունվել է 1982 թ-ին` երկու տարի անց այն բանից հետո, երբ զինվորականները հերթական անգամ բռնազավթել են իշխանությունն այդ երկրում: Այն իրավունք է վերապահում սահմանադրական դատարանին արգելել այս կամ այն քաղաքական կուսակցությունը, եթե այն սպառնալիք է ներկայացնում թուրքական պետության աշխարհիկ բնույթին: ԱԶԿ-ը ձգտում է առաջին հերթին հասնել այդ դրույթի վերացմանը:
Թուրքիայում միաժամանակ հարված է հասցվել բանակին, որը հանդիսանում է աշխարհիկ Թուրքիայի հայր-հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի քաղաքական ժառանգության երաշխավորը: Անցյալ շաբաթ հակակառավարական դավադրություն նախապատրաստելու մեղադրանքով 60-ից ավելի բարձրաստիճան գործող և պաշտոնաթող զինվորականներ են ձերբակալվել: Հետաքննության համաձայն, դավադիրները մտադիր են եղել պայթյուններ կազմակերպել մզկիթներում և թանգարաններում, իսկ հետո, կայունության վերականգնման պատրվակով, տապալել կառավարող ԱԶԿ-ին:
Ձերբակալված գեներալներին մեղադրում են նաև այն բանում, որ նրանք պատրաստվում էին գործել «Պինոչետի դեղատոմսերով»` մարզադաշտերը վերածելով բաց երկնքի տակ բանտերի, որտեղ պետք է ուղարկվեին զինվորական խունտայի հակառակորդները: Թուրքիայի գծով եվրոպական փորձագետներից մեկը, Ռիգայի «Այլ Եվրոպա» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի առաջատար մասնագետ Պավել Լուկաշկինը «Նովըե Իզվեստիա»-ին այսպես է մեկնաբանել ԱԶԿ և զինվորականների միջև ընթացող հակամարտությունը. «Խնդիրը նրանում է, որ Թուրքիան գտնվում է երկու քաղաքակրթությունների միջև:
Նրան երկու ուղղություն են տանջում: Առաջինը` աշխարհիկ-եվրակենտրոն ուղղությունն է, որը մշտապես կապված է եղել ավտորիտար իշխանության այս կամ այն ձևերի հետ և խոսքը գնացել է անցյալ դարի առաջին կեսի քեմալիստների կամ զինվորականների` 1980-ականների իշխանության մասին: Մյուս ուղղությունը` երկրում մահմեդական բնակչության իրական տրամադրությունների հետ կապված իսլամիզմն է», -ասել է նա:
Փորձագետի կարծիքով, «Թուրքիան դժվար թե կարողանա դառնալ Եվրամիության լիիրավ անդամ, եթե պահպանվի նրա իսլամական պետության վերածվելու սպառնալիքը»: «Այդ պատճառով, սահմանադրության` կրոնական կուսակցություններին հարմար փոփոխությունների ցանկացած փորձեր ավելի մշուշոտ են դարձնում Թուրքիայի եվրահեռանկարը», -եզրահանգել է փորձագետը: