Ողջունելով ԼՂՀ խորհրդարանականներին եւ հաջողություն մաղթելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հետ համատեղ աշխատանքում` Նախագահ Սարգսյանն ասել է. «Անշուշտ պետական կառավարման բոլոր օղակների` հատկապես Հայաստանի եւ Արցախի խորհրդարանների ներդաշնակ աշխատանքը ոչ միայն կարեւոր է ներկա փուլում, այլեւ բազմաթիվ խնդիրներ է լուծում ապագայի համար: Այս տեսանկյունից ես գոհունակությամբ եմ արձանագրում խորհրդարանների միջեւ ակտիվացող համագործակցությունն ու ամրացող կապերը` մի բան, որ իսկապես տեսանելի է: Հուսով եմ նաեւ, որ Հայաստանի խորհրդարանի միջոցով Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի պատգամավորները նոր հնարավորություններ կստանան ավելի ընդգրկուն մասնակցություն ունենալու տարածաշրջանային ու միջազգային ամենատարբեր գործընթացներում` լրացուցիչ անգամ բարձրաձայնելու Արցախի ժողովրդի ձայնն ու սեփական հողի վրա սեփական ճակատագիրը տնօրինելու նրա անկասելի կամքը:
Բոլորը պետք է իրազեկ լինեն, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ազատ ապրելու իրավունքը ստիպված է եղել պաշտպանել արյան գնով` իրեն պարտադրված պատերազմի ընթացքում, եւ որ Ղարաբաղի ժողովուրդը համարում է, որ արդեն կարողացել է մի կողմից վերականգնել ստալինյան բռնապետության ժամանակ խաթարված պատմական արդարությունը, իսկ մյուս կողմից` երաշխավորել իր ֆիզիկական գոյատեւման համար անհրաժեշտ նվազագույն պայմանները: Մենք մեկ անգամ չէ, որ հայտարարել ենք այն մասին, որ ԼՂ բանակցությունների արդյունքում պետք է գտնենք այնպիսի լուծումներ, որոնց իրագործումը չի բերի նոր տեղահանումների եւ նոր էթնիկ զտումների: Այդպիսի լուծումներ կան, մնում է, որ մարդիկ դրանք տեսնել կարողանան, երազները` իրականությունից, արդար լուծումները` հավակնություններից տարբերել կարողանան: Վստահ եմ` ժամանակն այս հարցում այլընտրանք չի թողնելու:
Բայց մենք նաեւ պետք է քաջ գիտակցենք, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման բանակցային ճանապարհը կարող է հաջողության բերել միայն այն դեպքում, երբ բանակցություններին անմիջականորեն մասնակցի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Վստահ եմ` ժամանակը այս հարցում եւս այլընտրանք չի թողնելու, եւ հույս ունեմ, որ Կովկասի ժողովուրդների խաղաղ ու բարեկեցիկ ապագայի հանդեպ առաջնորդների պարտավորվածությունները վերջապես գիտակցվելու են եւ Ղարաբաղի ու Ադրբեջանի միջեւ գոյություն ունեցող խնդիրները վերջնական լուծումներ են ստանալու: Այլ կերպ լինել չի կարող»:
ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորների խնդրանքով Նախագահ Սարգսյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին: Երկրի ղեկավարը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին առնչվող յուրաքանչյուր բանակցությունից հետո դրա բովանդակության, քննարկված հարցերի վերաբերյալ մանրամասն տեղեկացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին: