Դեկտեմբերի 15-ին Երեւանում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստը:
Միջխորհրդարանական հանձնաժողովի յոթերորդ նիստը բացեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: «Մեր նախորդ նիստը, որը տեղի ունեցավ Ստեփանակերտում, ընթացավ բուռն քննարկումների մթնոլորտում: Այդ նիստի ժամանակ մանրակրկիտ վերլուծության էինք ենթարկել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը: Նաեւ անդրադարձել էինք Լեռնային Ղարաբաղում զինծառայողների ու նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին օրենսդրության առանձնահատկություններին, դրա կատարելագործման հնարավորություններին:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման խնդիրը մշտապես գտնվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի եւ խորհրդարանի ուշադրության կենտրոնում: Մեկ բան հստակ է՝ գոյություն չունի որեւէ իրավական փաստարկ, որով Ադրբեջանը կարող է հիմնավորել Լեռնային Ղարաբաղի հանդեպ իր հավակնությունները։ Գոյություն չունի միջազգային իրավունքի որեւէ նորմ, Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ որեւէ միջազգային փաստաթուղթ, որը կասկածի տակ դնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կայացման լեգիտիմությունը։ Եվ այս առումով մեր դիրքորոշումը միանշանակ է՝ մենք պետք է հասնենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչմանը։ Եվ այդ ճանաչումն այլընտրանք չունի։
Մենք խաղաղություն ենք ցանկանում մեր հայրենիքին եւ Հայաստանի Հանրապետության հարեւաններին: Մենք պատերազմ չենք ուզում, բայց եւ վստահ ասում ենք, որ մեզ պատերազմով չի կարելի վախեցնել։ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը չունի ռազմական լուծում: Այն կարող է կարգավորվել միայն խաղաղ բանակցությունների ճանապարհով` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Հարցի լուծման համար ամենակարեւոր եւ վճռական դերը վերապահված է Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, նրա ընտրյալ օրինական իշխանություններին:
Նաեւ շատ կարեւոր եմ համարում Զինծառայողների ու նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին օրենսդրության առանձնահատկությունների հարցերը: Դրանք գտնվում են Հայաստանի խորհրդարանի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի ուշադրության կենտրոնում: Հանձնաժողովն անցած ժամանակաշրջանում մի շարք քննարկումներ է անցկացրել այդ խնդրի շուրջ, նախանշել այդ օրախնդիր հարցի լուծումները:
Այսօր կարող ենք վստահությամբ հայտարարել, որ Հայաստանի եւ Արցախի միասնությունն անշրջելի է, իսկ այդ միասնության համար անլուծելի խնդիրներ գոյություն չունեն: Մեր ակտիվ ջանքերը, ինչպես նաեւ ձեռք բերված եւ բերվող պայմանավորվածությունների հստակ կատարումը հնարավորություն կտան մեզ արդյունավետ աշխատելու եւ հասնելու դրական արդյունքների` հանուն հայ ժողովրդի բարօրության»:
Հանձնաժողովի անդամններին ողջույնի խոսք ուղղեց նաեւ ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը: «Լեռնային Ղարաբաղի հարցով շարունակվող բանակցություններն. ըստ էության, գտնվում են ակտիվ փուլում: Կարծես թե մեծանում է որոշակի համաձայնությունների հավանականությունը: Միաժամանակ, սակայն, դեռեւս հստակեցված չէ բանակցային գործընթացին ԼՂՀ լիարժեք մասնակցության հարցը, որն սկզբունքային է այն իմաստով, որ վերջնական որոշումների իրացնելության երաշխիք կարող է դառնալ միայն դրանց նկատմամբ ԼՂՀ ժողովրդի համաձայնությունը: Այս համատեքստում մենք կարեւորում ենք միջազգային տարբեր կազմակերպություններում ղարաբաղյան հիմնախնդրի հանդեպ ձեւավորվող վերաբերմունքը, ինչը ընթանում է կոշտ տեղեկատվական քարոզչության պայմաններում:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում վերջին տարիներին նկատվում է ժողովրդագրական իրավիճակի բարելավման միտում: Իշխանությունների կարծիքով` ժողովրդագրական իրավիճակի արմատական բարելավումն ուղղակիորեն ունի նաեւ արտաքին քաղաքական գործոնի ուժ: Մենք խնդիրը դիտարկում ենք նաեւ հայրենադարձության կտրվածքով:
Մենք ունենք բոլոր հնարավորությունները, ամենակարեւորը` քաղաքական կամք եւ ցանկություն, քննարկելու մեզ հուզող հարցերը եւ գտնելու եթե ոչ լուծումներ, ապա առնվազը` նախանշելու դրանց հասնելու ուղիները»:
Եվրոպական կառույցներում ՀՀ խորհրդարանական պատվիրակությունների եւ ԼՂՀ Ազգային ժողովի համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու վերաբերյալ ելույթ ունեցան ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, ով գլխավորում է ՍԾՏՀ ԽՎ-ում Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը, պատգամավոր Լարիսա Ալավերդյանը եւ ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Հարցին անդրադարձան նաեւ ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը եւ ԼՂՀ արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանը: Բոլոր զեկուցողները փաստեցին միջազգային կազմակերպություններում միասնական եւ համաձայնեցված մոտեցումներով հանդես գալու անհրաժեշտությունը եւ խորհրդարանական դիվանագիտության մեծ ներուժը` ԼՂՀ-ի ձայնը միջազգային ասպարեզում լսելի եւ ընկալելի դարձնելու համար:
|