«Ձգտելով դուրս գալ ճգնաժամից Համագործակցության շատ պետություններ ավելացնում են էներգառեսուրսների արտահանման ծավալները, ստեղծում նոր էներգետիկական փոխադրամիջանցքներ: Տեղի է ունենում էներգակիրների մատակարարումների դիվերսիֆիկացում, նախագծվում ու կառուցվում են բարձրտեխնոլոգիական նոր էներգամիջանցքներ»,- ասել է Նովիկովը: Նրա խոսքով` այդ օբյեկտները խոցելի են դառնում ահաբեկչության, նախ և առաջ կիբեռնետիկական ահաբեկչության գրոհների համար, ինչը պայմանավորված է այդ օբյեկտների բարձր տեխնոլոգիականությամբ: Այդ պայմաններում, ըստ ՀԱԿ-ի ղեկավարի, ԱՊՀ երկրներին անհրաժեշտ է «այդ օբյեկտների հակաահաբեկչական պաշտպանվածության վերաբերյալ որոշումների մշակման և ընդունման ենթատարածաշրջանային համակարգ»:
Նա նշել է, որ արժե ուշադրություն դարձնել համապատասխան տարածաշրջանային փորձագիտական կոնտրոնների ստեղծման նախաձեռնության վրա, այդ թվում` ինտելեկտուալ և կրթական կենտրոնների հիմքի վրա:
Նաև Նովիկովը մտահոգություն է հատնել այդ ուղղությամբ իրավապահ մարմինների և բիզնես-կառույցների գործակցության հիմնախնդրի կապակցությամբ: «Եթե էներգաբաշխման հանգույցում ահաբեկչական գործողությունը բիզնեսի համար նշանակում է միայն ֆինանսական կորուստներ, ապա պետության համար խոսքը տնտեսական ու ազգային անվտանգության մասին է»,- նշել է նա:
Նովիկովի խոսքով` պրակտիկան ցույց է տալիս, որ անվտանգության ապահովման հարցերում, այդ թվում` կենսականորեն կարևոր էներգետիկական ենթակառուցվածքի օբյեկտներում, պետության և բիզնեսի գործընկերությունը բավարար ակտիվություն չի դրսևորում: «Հանդիպումները հաճախ ավարտվում են մտադրությունների վերաբերյալ հայտարարություններով»,- պարզաբանել է ՀԱԿ-ի ղեկավարը: Նովիկովի կարծիքով` ահաբեկչական սպառնալիքին հակազդելու հարցում ԱՊՀ ուժային կառույցների գործակցության ամրապնդմանը կարող են նպաստել հակադիվերսիոն պաշտպանության և հակաահաբեկչական անվտանգության վերաբերյալ միջազգային օրենսդրական բազայի ստեղծումը, ահաբեկչական բնույթի հանցագործությունների համար անձանց միջպետական հետախուզման համակարգի զարգացումը, ինչպես նաև կիբեռահաբեկչության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացումը:
ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավարը նաև հանդես է եկել ՀԱԿ-ի կողմից անցկացվող հրամանատարա-շտաբային վարժանքները առավելագույնս ռեալ իրավիճակին մոտեցնելու առաջարկությամբ: «Դա առավել արդյունավետ կդարձնի ահաբեկչական գործողությունների կանխման ու կասեցման, ինչպես նաև դրանց հետևանքների նվազեցման խնդիրների լուծումը»,- ասել է Անդրեյ Նովիկովը: