Անկարան պատրաստ է ամեն ինչի, անգամ ամենավատ սցենարին, հայտնել է CNN Turk-ը` մեկնաբանելով մարտի 4-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունման հավանականության վերաբերյալ Անկարայի դիրքորոշումը:
Գործակալությունը նշել է, որ չնայած այն բանին, որ ԱՄՆ երկու թուրքական պատվիրակություններ են մեկնել, իսկ Թուրքիայի ԱԳՆ-ը պաշտոնապես հայտարարել է, որ հույս ունի, որ ԱՄՆ Կոնգրեսը չի ընդունի տվյալ բանաձևը, անուամենայնիվ, բոլոր այդ քայլերը բավարար չեն արդյունքի հասնելու համար, քանի որ «այս տարի, թվում է, ԱՄՆ-ը տրամադրված է ավելի վճռական»:
«Մյուս պատճառն այն է, որ Իսրայելի հետ ճգնաժամից հետո, ամերիկյան հրեական լոբբիի աջակցությունը Թուրքիային վերացել է: Ընդսմին, եթե թուրք-իսրայելյան հարաբերությունները լինեին նախկինը, հրեական լոբբին խելամիտ մոտեցում կցուցաբերեր և աչք չէր փակի թուրք-ամերիկյան հարաբերությունների վատացման վրա», -գրել է գործակալությունը` միաժամանակ նշելով այն խնդիրները, որոնց կարիքը Թուրքիայում, ըստ CNN Turk-ի, ԱՄՆ-ն ունի:
Դրանք են` համագործակցությունը Աֆղանստանում, Թուրքիայի տարածքի օգտագործումը` Իրաքից ամերիկյան զորքի դուրս բերման ժամանակ և Իրանի հետ երկխոսությունը: «Բայց, եթե անգամ ԱՄՆ և Թուրքիայի միջև հարաբերությունները չփչանան, և բանաձևի խնդիրը չքանա, ապա երկրորդ ճակատագրական տարեթիվը ապրիլի 24-ն է, երբ ԱՄՆ նախագահը հանդես կգա հայ ժողովրդին ուղղված ուղերձով: Այդ անգամ ևս երկյուղ կա` կօգտագործի Օբաման «ցեղասպանություն» եզրույթը, թե ոչ», -գրել է թուրքական գործալութունը: