«Ես միշտ ցանկացել եմ Հայաստանում պրոֆեսիոնալ բռնցքամարտի մենամարտ անցկացնել, ուստի շատ ուրախ եմ, որ դա վերջապես իրականություն դարձավ: Մարտը բարձր մակարդակով կազմակերպվեց»,- «Տեսակետ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց պրոֆեսիոնալ բռնցքամարտում IBO-ի վարկածով չեմպիոն Վիկ Դարչինյանը:
Հայ մարզիկը, ով իր ելույթներով Հայաստանին միայն փառք է բերել, շատ հիասթափված է որոշ լրատվամիջոցների արձագանքից: Ոմանք գրել են, թե ինչու է նա գոտին նվիրել Հայաստանի Հանրապետության նախագահին, նույնիսկ նշել են, թե մարզադպրոցի կառուցման համար Վիկ Դարչինյանին Երևանում տարածքն անվճար է հատկացվել:
Բացատրելով ստեղծված իրավիճակը` Դարչինյանը շեշտեց, որ առանց Հանրապետության ղեկավարի աջակցության և բարի կամքի բարձր մակարդակի մարտի անցկացումը Հայաստանում անհնար կլիներ:
«1,5-2 ամիս առաջ ես ՀՀ նախագահին տեղեկացրեցի, որ նման գաղափար ունեմ, և այն ընդունվեց: Մենամարտի վերջում իմ գոտին նվիրեցի հանրապետության նախագահին: Ինչո՞ւ… Դուք տեղյա՞կ եք, որ մարտի կազմակերպման շահագրգիռ կողմերն ընդունեցին Հայաստան գալու տարբերակը միայն այն ժամանակ, երբ տեղեկացան, որ նախագահն էլ է ներկա լինելու: Դա բնական է. նրանք վախենում էին, որ կարող ենք չապահովել մենամարտի անցկացման համար անհրաժեշտ բոլոր պայմանները: ՀՀ նախագահի աջակցության շնորհիվ միայն նրանք ավելի վստահ որոշում կայացրեցին: Ինչ վերաբերում է տարածքին, այն անվճար չէ: Լավ է, որ հատկացվելու է ավելի մատչելի գնով, և ես էլ իմ կողմից դեռ շատ ներդրումներ պետք է կատարեմ, որպեսզի մարզադպրոցը կառուցվի: Մի՞թե ավելի լավ չէ, որ երեխաները կտրվեն փողոցից և մարզվեն… Ես արդեն նշել եմ, որ մենամարտի անցկացման համար հովանավորներ կային: Խորին շնորհակալություն հայտնելով նրանց աջակցության համար` պետք է շեշտեմ նաև, որ անձամբ ես շատ ավելի մեծ գումարներ եմ ծախսել: Կարող էի ոչինչ չանել, մենամարտել Ամերիկայի Միացյալ նահանգներում, վաստակել լուրջ գումարներ և զերծ լինել նման խոսակցություններից ու մեղադրանքներից», -դառնացած ասաց Վիկ Դարչինյանը:
Հայ չեմպիոնը շեշտեց նաև, որ պրոֆեսիոնալ բռնցքամարտում հռչակավոր շատ մարդիկ են ժամանել Երևան և տպավորված են Հայաստանի մայրաքաղաքում կազմակերպված մարտի մակարդակով:
«Հայաստան էին ժամանել IBO-ի ղեկավար կազմի, ինչպես նաև տարբեր հեռուստաընկերությունների ներկայացուցիչներ, իմ պրոմոուտեր Գերրի Շոուն և այլոք: Բոլորին էլ հետաքրքրում էր, թե ինչպես է կազմակերպվելու մարտը: Շատ եմ ուրախացել, որ դրական կարծիք է ձևավորվել: Արդեն Հայաստանի հետ կապերը խորացնելու և ապագայում այստեղ նոր մենամարտեր անցկացնելու մտադրություններ ունեն: Մի խոսքով` տպավորված են հեռացել Երևանից,- շեշտեց Վիկը:
Անդրադառնալով Մբամբայի հետ մարտի ընթացքին` պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը նշեց, որ իր մրցակիցը շատ լավ էր պատրաստված:
«Շատ էի ուզում նոկաուտի ենթարկել, բայց չստացվեց,- խոստովանեց Դարչինյանը:- Երևի լավ եղավ, որ նոկաուտ չգրանցվեց: Կարող էին ասել, որ միտումնավոր թույլ մրցակից եմ ընտրել և այլն: Մինչդեռ Մբամբան շատ լավ հակառակորդ էր: Նույնիսկ զարմացել էի, որ ոչ միայն չի ընկնում, այլև իմ հարվածներից հետո փորձում է հակագրոհել» IBO-ի վարկածով չեմպիոնը չի մտածում կարիերան ավարտելու մասին: Նա նման որոշում կկայացնի միայն այն ժամանակ, երբ կհոգնի մարզվելուց:
«Ամերիկայի Միացյալ Նահանգներից արդեն կապվել են իմ մենեջերի հետ` ինչ-որ լավ գոտու համար դեկտեմբերին մենամարտ կազմակերպելու նպատակով: Հնարավոր մրցակցիս անունը դեռ չեն ուզում հրապարակել: Հավանաբար, նրանք նույնպես տեղյակ են, որ Հայաստանում կազմակերպված մարտը շատ բարձր մակարդակով է անցել, ինձ չկորցնելու համար որոշել են կրկին հրավիրել Ամերիկա: Բայց ես չգիտեմ, թե այդ մարտը որ քաշային կարգի շրջանակներում է լինելու: Եթե որոշեմ տեղափոխվել ավելի բարձր քաշային կարգ, միանգամից չեմպիոնական մարտի հնարավորություն կունենամ»,- ավելացրեց Վիկ Դարչինյանը:
ԶԼՄ-ների հետ հանդիպմանը մասնակցում էին նաև պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ Ազատ Հովհաննիսյանն ու Գաբրիել Տոլմաջյանը, ովքեր նույնպես սեպտեմբերի 3-ին մենամարտեցին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Վիկ Դարչինյանն արդեն ստանձնել է Ազատի մենամարտերի կազմակերպման գործը, պատրաստվում է օգնել նաև Գաբրիել Տոլմաջյանին ու Հովհաննես Ժամկոչյանին: Բոլորն էլ, ըստ մեր չեմպիոնի, ապագա ունեն և պետք է շարունակեն քրտնաջան աշխատել` բարձր մակարդակի հասնելու համար:
/Panorama.am/
|