«Ռեգնում» լրատավական գործակալությունը տպագրել է ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովի «Թուրքիան նոր խաղի է պատրաստվում Երևանի հետ» խորագրով հոդվածը՝ մեկնաբանելով Թուրքիայի նախարարների խորհրդի՝ հայ–թուրքական արձանագրությունները խորհրդարան վերադարձնելու մասին որոշումը։
Հոդվածում նշվում է. «Ֆորմալ տեսանկյունից այստեղ որևէ արտասովոր բան չկա, քանի որ Թուրքիան հրաժարվում էր ստորագրել այդ փաստաթուղթը։ Փաստորեն, Բաքվի պետական համալսարանի պրոֆեսոր Ռուստամ Մամեդովի կանխատեսումները՝ թե Թուրքիայի համար հայ–թուրքական արձանագրությունները վերածվում են անցած և ոչ պիտանի փուլի» սխալ է՝ ամեն ինչ ճիշտ հակառակն է լինում:
Նախ և առաջ, թուրքական լրատվամիջոցների կարծիքով՝ Թուրքիան, Ցյուրիխյան արձանագրությունները խորհրդարան վերադարձնելով, ժեստ է անում Հայաստանին։ Մյուս կողմից, անկասկած, դա որոշակի ազդանշան է Ադրբեջանին, ակնարկ, որ Բաքվի հետ հետագա հարաբերություններում Անկարան խաղալու է հայկական խաղաքարտով»։
Ադրբեջանցի փորձագետ Ռիզվան Հուսեյնովի կարծիքով, այսօր Թուրքիայի քաղաքական բնագավառում որոշ շրջանակներ նորից ակտիվացնում են խոսակցությունները հայ-թուրքական արձանագրությունների մասին։ Եվ դա չնայած այն բանին, որ Թուրքիայի իշխանությունները՝ անձամբ վարչապետ Էրդողանը, նախագահ Գյուլը, արտգործնախարար Դավութօղլուն և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, բազմիցս հայտարարել են, որ հայ-թուրքական արձանագրությունները հանված են թուրքական քաղաքականության օրակարգից»։
«Բանն այն է, որ Անդրկովկասում Թուրքիայի քաղաքականությանը «եվրոպական երանգ» է հաղորդում ոչ թե Անկարայի «դաշնակցային» հարաբերություններն Ադրբեջանի, այլ՝ «կապվածությունը» ցյուրիխյան գործընթացի հետ։ Թուրքիայի՝ Հայաստանի հետ հարաբերությունների վերականգնման գաղափարը կարող է դրականորեն անդրադառնալ Եվրոպայի հետ երկխոսության վրա, այն դեպքում, երբ մայրցամաքային շելֆի խնդիրների պատճառով Թուրքիան վատթարացրել է հարաբերությունները Կիպրոսի և միևնույն ժամանակ Հունաստանի հետ։ Բացի այդ, Թուրքիան դա կարող է օգտագործել որպես հաղթաթուղթ, եթե Ադրբեջանը սկսի հեռանալ Թուրքիայից դեպի Իսրայելի կողմը»,- ադրբեջանական «Զերկալո» պարբերականին մեջբերում է «Ռեգնումը»:
«Ադրբեջանում իրավիճակն ամբողջովին փոխվեց, երբ սկսվեց թուրք-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Ադրբեջանը հրապարակայնորեն օգագործում էր բոլոր հնարավոր լծակներն Անկարայի վրա ճնշում գործադրելու համար՝ կանխելով հաշտեցման գործընթացը: Ամենաբարձր մակարդակներում հայտարարվում էր, որ Անկարա-Երևան երկխոսության հաջողության դեպքում, Ադրբեջանը կարող է վերանայել Թուրքիայի հետ հարաբերությունները»,- նշված է հոդվածում:
/panorama.am/
|