«Ժողովրդավարական քայլը», որի մասին Թուրքիայում խոսում էին հուլիսից և որի մանրամասները վերջապես մասամբ ներկայացվեցին Թուրքիայի հանրությանը երեկ, իր մեջ ներառում է մի շարք դրույթներ, որոնք կապված են մարդու իրավունքների հիմնարար սկզբունքների հետ։
Ինչպես հաղորդում է Tert.am–ի թղթակիցը Ստամբուլից, վերլուծաբանները տարբեր գնահատականներ են տալիս կառավարության տվյալ քայլին։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի կառավարությունը հայտարարել էր «Ժողովրդավարական քայլի» մասին, սակայն մանրամասները չէր հրապարակել։
Երեկ ազգային ժողովում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցութայն ներկայացուցիչները խոսել են «Քրդական խնդրի» լուծման մանրամասների մասին։
Մասնավորապես, ՆԳ նախարար Բեշիր Աթալայը հայտարարել է, որ այժմ Թուրքիայում հնարավորություն կընձեռվի «քաղաքացիական և կրոնական ծառայություններն իրականացնել նաև այլ լեզուներով, բացի թուրքերենից», քրդական բնակավայրերին կվերադարձվեն իրենց քրդական անունները, քաղաքական քարոզարշավները հնարավոր կլինի իրականացնել ոչ միայն թուրքերեն, այլ նաև այլ լեզուներով։
Որպես ժողովրդավարացման գործընթացի մի մաս՝ կստեղծվեն «անկախ մարմիններ՝ մարդու իրավունքները զարգացնելու և երաշխավորելու համար»։
Աթալայը հայտարարել է, որ օրենքը, որը թույլ կտա ստեղծել համապատասխան անկախ մարմիններ, շուտով կներկայացվի խորհրդարանի քննարկմանը։
Կփոխվի նաև Թուրքիայի վարչապետին կից մարդու իրավունքների տնօրինության գործունեության կարգը. այն կդառնա անկախ մարմին։
Կստեղծվի ևս մեկ անկախ մարմին, որը կզբաղվի իրավապահ մարմինների գործունեության դեմ բողոքների քննությամբ։ Աթալայը նաև հայտարարել է, որ Սահմանադրությունը ևս պետք է փոփոխության ենթարկվի։
«Մեր ժողովուրդն արժանի չէ այսպիսի Սահմանադրության», –հայտարարել է ՆԳ ղեկավարը՝ նկատի ունենալով այն փաստը, որ այն որոշ դեպքերում հասանելի չէ մարդկանց։
Երեկ խորհրդարանում ելույթ ունեցավ նաև Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով իրեն բնօրոշ վերամբարձ ոճով խոսեց ժամանակակաից Թուրքիայի վեհ նպատակների, եղբայրության, առաջադիմության և Թուրքիայում բնակվող բոլոր ազգերի հավասարության մասին։
Էրդողանի նման ելույթը սպասված էր։ Նա հայտարարեց, որ շաբաթ օրվանից Թուրքիայի բոլոր 81 նահանգներում մարդկանց բացատրելու են «Ժողովրդավարական քայլի» իմաստը, որովհետև «այն մարդկանց համար է»։
Թուրքիայում մի շարք կարծիքներ հնչեցին կառավարության նախաձեռնության մասին։ Ընդդիմությունը սուր քննադատության ենթարկեց կառավարությանը՝ նշելով, որ այս քայլը համագործակցության առաջարկ է Քրդական Բանվորական Կուսակցությանը, որը Թուրքիայում ահաբեկչական է համարվում։
Քննադատների մյուս մասն էլ նշում են, որ կառավարության փոփոխությունները «կոսմետիկ» բնույթ են կրում և կապված են Եվրոպայի պահանջների հետ։ Այս տեսակետի հետ թերևս կարելի է համաձայնել, սակայն չի կարելի անտեսել այն փաստը, որ մի շարք ոլորտներում սառույցն արդեն իսկ կոտրվում է։ Դեռևս 10-15 տարի առաջ քրդերեն կամ հայերեն լեզվով հեռուստաալիքի մասին անհնար էր խոսել, ինչպես նաև քաղաքական քարոզարշավի մասին նույն քրդերեն լեզվով։
Այսօր դա արդեն իսկ հնարավոր է դարձել։