ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը պատասխանել է News.am լրատվական կայքի այն հարցին, թե ինչպես նա կմեկնաբանի Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովի հայտարարություններին՝ ԼՂ հիմնախնդրի կարգավորման ընթացքի և կարգավորման ադրբեջանական տարբերակի վերաբերյալ:
Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունը, փոխնախարար Շ. Քոչարյանն ասել է.
«Արդեն օրինաչափություն է դարձել, որ Նախագահների հանդիպումից առաջ ադրբեջանական կողմը հայտարարություններ է անում, որոնք ուղղված են այդ հանդիպումից սպասվելիք հնարավոր առաջընթացի կասեցմանը:
Ըստ պարոն Ազիմովի, միջազգային իրավունքի մասին մոտավոր պատկերացումների Ադրբեջանի կողմից ինքնորոշված ժողովրդի դեմ էթնիկական զտումների իրականացումը, ահաբեկչական կազմակերպությունների գրոհայինների ներգրավմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ լայնածավալ ագրեսիայի սանձազերծումը, ինչը հանգեցրեց բազմահազար մարդկային զոհերի և հսկայական նյութական կորուստների և այդ ամենի համար իր իսկ` ագրեսոր երկրի պատասխանատվությունը հայկական կողմերի վրա բարդելու անհաջող փորձերը համապատասխանում են միջազգային իրավունքին:
Քանի դեռ Ադրբեջանի պաշտոնյաները չեն հրաժարվել ռազմատենչ հայտարարություններից, ազգային թշնամանք սերմանող քարոզչությունից և միջազգային իրավունքը կոպտորեն աղավաղող ապակառուցողական հայտարարություններից, չեն գիտակցել, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը` ըստ միջազգային իրավունքի նորմերի և դրույթների` որոշում է հենց Արցախի ժողովուրդը, այլ ոչ թե Ադրբեջանի իշխանավորները, անկհայտ է, որ նրանք բանակցում են ոչ թե առաջընթաց ապահովելու, այլ բանակցային գործընթացն որպես իրենց հիմնազուրկ քարոզչության քող օգտագործելու համար»