«Հայաստանի պետության ու ժողովրդի համար , վստահ եմ նաև ողջ հայության համար գերխնդիր է մնում Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորումը: Այստեղ ունենք այն, ինչ ունենք և ինչին դուք քաջ տեղյակ եք: Ցավոք, նշելու արժանի նորություններ դեռ չունենք», - Նյու Յորքի «Չիպրիանի» սրահում կայացած ընդունելության ժամանակ ունեցած իր ելույթում հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Սփյուռքահայերի ներկայությամբ ունեցած ելույթում նախագահն ասել է, որ իր դիրքորոշումը չի տարբերվում նրանց դիրքորոշումից ու նշել. «Արցախն արդեն 20 տարուց ավելի վայելում է իր անկախությունը և չի կարող կարգավորման արդյունքում ունենալ ավելի ցածր կարգավիճակ, քան ինչն արդեն ունի կամ ինչն արդեն վաստակել է իր որդիների արյամբ»:
Նախագահի պնդմամբ, Ղարաբաղի անկախությունը, նրա ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրագործումը որևէ դեպքում չեն կարող հարցականի տակ դրվել: Այնուհետև տեղեկացրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջոնրդությամբ մենք շարունակում ենք բանակցություններն Ադրբեջանի հետ:
«Բանակցությունները չէի անվանի ոչ արդյունավետ, սակայն մյուս կողմից Կազանը լավագույն օրինակն էր , որ Ադրբեջանը կառուցողականությամբ աչքի չի ընկնում: Մեր նպատակը եղել և մնում է հասնել Ղարաբաղի միջազգային ճանաչմանը: Այդ թվում՝ ճանաչմանն Ադրբեջանի կողմից: Անհարկի, միակողմանի զիջումները բացառվում են և այդ մասին առիթ ենք ունեցել բազմիցս խոսելու: Եվ մենք մնում ենք համոզված՝ կարգավորման ընթացքում իրական արդյունք արձանագրելու համար անհրաժեշտ են քայլեր և գործողություններ, որոնք կնպաստեն հակամարտության կողմերի միջև վստահության մթնոլորտի ամրապնդմանը: Քանի դեռ Ադրբեջանը չի դադարեցրել ուժի սպառնալիքի կիրառումը, քանի դեռ Ադրբեջանում առկա է հայատյացության մթնոլորտը , որն այսօր ունենք, իրական առաջընթացի մասին խոսելը շատ բարդ է լինելու, և պետք է բոլորս հստակ պատկերացնենք, այն , որ տարիների ընթացքում Հայաստանը դեռևս չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, բացատրվում է նրանով, որ Հայաստանը փորձել է արդյունք ձևակերպել բանակցությունների արդյունքում:
Միաժամանակ պետք է հասկանանք, Ադրբեջանի ցանկացած արկածախնդրություն, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներից դուրս իրականացրած գործողություն կարագացնի մեր կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը», -հայտարարեց նախագահ Սարգսյանը` նկատելով, որ այս գործընթացը հաջողությամբ ավարտին հասցնելու համար միասին շատ անելիքներ կան:
«Համոզված եմ, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն-Սփյուռք կապերի ակտիվացմամբ մեր միասնական օրակարգի կարևոր կետերից մեկում պետք է դիտարկվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման խնդիրը», -եզրափակեց ՀՀ նախագահը:
/panorama.am/
|