«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը Երևանի քաղաքապետարանի և «Երևաննախագիծ ինստիտուտ» ՓԲԸ հետ համատեղ կազմակերպել է հասարակական քննարկում Երևանի գլխավոր հատակագծի ճշգրտման նախագծի վերաբերյալ: «Քննարկման նպատակն է շահագրգիռ հասարակայնությանը ներկայացնել Երևան քաղաքի 2005-2020 թվականների հատակագծում առաջարկվող փոփոխություններն ու դրանց հիմնավորումները և լսել քաղաքացիների ու մասնագետների կարծիքն ու առաջարկությունները նախագծի վերաբերյալ»,- քննարկման ժամանակ ասաց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչ Սոնա Այվազյանը:
«Երևաննախագիծ ինստիտուտ» ՓԲԸ գործադիր տնօրեն Սիրեկան Օհանյանն ասաց, որ Երևանի գլխավոր հատակագիծը մշակվել է 2005 թվականին, հաստատվել է 2006 թվականին, մինչև 2020 թվականն է գործելու: «Կառավարության որոշմամբ ժամանակ առ ժամանակ պետք է վերանայվի` գլխավոր հատակագծով նախատեսված ինչերն են կատարվել, ինչ փոփոխություններ են եղել, մտցվել այն ճշգրտումները, որոնք մինչև 2020 թվականը նախատեսված են: Քաղաքապետարանի հանձնարարությամբ մենք իրականացրեցինք Երևանի գլխավոր հատակագծի ճշգրտման աշխատանքները ու այժմ այն քննարկումների փուլում է»,- ասաց նա:
Միաժամանակ նշեց, որ այս նախագիծը պետք դեռ ներկայացվի համապատասխան գերատեսչություններին, նախարարությանը, քննարկվի ստացված առաջարկությունները ու ներկայացնել կառավարության հաստատմանը: «Երևանի ինչպես գլխավոր հատակագիծը, այնպես էլ փոփոխությունները հաստատվում են կառավարության կողմից»,- նշեց Ս. Օհանյանը:
Նա նաև ընդգծեց, որ կատարված աշխատանքների արդյունքում եկել են այն եզրակացության, որ գլխավոր հատակագծից էական շեղումներ չկան, որոնք կարելի է համարել կոպիտ խախտում:
«Երևաննախագիծ ինստիտուտի» գլխավոր հատակագծի բաժնի ղեկավար, նախագծի ճարտարապետ Պետրոս Սողոմոնյանը ներկայացրեց այն փոփոխությունները, ճշգրտումները, որոնք կատարվել են: Ըստ նրա, ճշգրտման ենթակա են` քաղաքի սահմանները, բնական ֆոնդը, հողային ռեսուրսները, հատակագծային կառուցվածքն ու գոտիները, կանաչապատման համակարգը, զբոսաշրջային զարգացման ուղիները և այլն:
/Panorama.am/
|