Վերջերս սկանդալային բացահայտումների շնորհիվ ճանաչում ստացած «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության անդամները երեկ պարզել են, որ պաշտպանության նախարարությանը կից գործում է հասարակական խորհուրդ: «Պարզվում է` այն բաղկացած է 12 անձից, ունի գրասենյակ Մոսկովյան փողոցի վրա, ֆինանսական ռեսուրսներ… Հետաքրքիր է` որտե՞ղ են թաքնվում այդ խորհրդի անդամները հասարակություն-բանակ այս աննախադեպ ճգնաժամի օրերին: Այնպիսի տպավորություն է, որ նրանք ոչ միայն հայտնի չեն, այլև գաղտնի են:
Ինչո՞ւ նրանց մասին չկա որևէ տեղկատվություն թերթերում, լրատվական կայքերում, ռադիոյով և հեռուստատեսությամբ: Ինչո՞ւ այդ խորհրդի մասին տեղյակ չեն զինվորների ծնողները, որոնք, հարկադրված ընդվզելով ստեղծված իրավիճակի դեմ, որպես վերջին միջոց, խնդրում են «Չենք լռելու»-ին նկարահանել իրենց զավակների հետ կատարված դեպքերը և տեղադրել համացանցում:», – նշված է «Չենք լռելու»-ի տարածած մամլո հաղորդագրության մեջ:
Եվ իսկապես, ինչու՞ չեն խոսում ՊՆ-ին կից հասարակական խորհրդի անդամները: Չէ՞ որ նրանց հիմնական ֆունկցիան հենց բանակ-հասարակության կապի ապահովումն է: Համացանցում երկար որոնումներից հետո պարզ դարձավ, որ հիշատակված խորհրդի ղեկավարը Գեղամ Հարությունյանն է: Ցավոք, պաշտոնական հաղորդագրություններից զատ նրա անունը մամուլի էջերում երբեք չի հայտնվել, ինչը վկայում է միայն նրա ղեկավարած կառույցի անգործության մասին: Այնինչ հենց հասարակական խորհուրդն է այն մարմինը, որը պետք է իրականացներ նույն այն գործառույթները, ինչն այսօր փորձում են անել «Չենք լռելու»-ի երիտասարդները:
/Times.am/
|