««Լավագույն մարզական ընտանիք» մրցույթն այս տարի բացառիկ է. այն առումով, որ աննախադեպ մասնակցություն է գրանցվել: Անցյալ տարի առաջին փուլում մասնակցել է 347, իսկ այս տարի` 1122 ընտանիք : Աննախադեպ է նաև մրցանակային ֆոնդը` 69 մլն դրամ, որից 50 մլնը երեք փուլերի պարգևատրման ֆոնդն է»,- Ծաղկաձորում, մինչ ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի եզրափակիչ փուլի մեկնարկը Panorama.am-ին տեղեկացրեց ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը:
Նշենք, որ ինչպես և անցյալ տարի, այս տարի ևս մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նշենք, որ այս պահին Ծաղկաձորում են նաև ՀՀ գրեթե բոլոր մարզպետերը, քանի որ մրցույթին ներկայացված են բոլոր մարզերի ու նաև Արցախից ժամանած մարզական ընտանիքները:
Խ.Ասրյանը ներկայացրեց մրցանակային ֆոնդի բաշխումը: Ընդամենը րոպեներ անց, երբ հայտնի դառնա 2011թ-ի Հայաստանի լավագույն մարզական ընտանիքը, այն կստանա` առաջին տեղի համար 500 հազար, երկրորդ տեղի համար` 400 և երրորդ տեղի համար` 300 հազար դրամ պարգևատրում:
Բացի այդ, վեց մարզաձևերում առաջին տեղ գրաված ընտանիքները կարժանանան 100 հազար դրամ մրցանակի, իսկ երեխաների համար սահմանված են հատուկ հուշանվերներ:
«Բացի այս, նշեմ նաև, որ Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը ևս մրցանակ է սահմանել ամենակրտսեր երեխաների համար` երեք տարիքային խմբերում նրանք կարժանանան 100 հազարական դրամի»,- հավելեց Խ.Ասրյանը: Ամբողջ պարգևատրությունը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից է:
/Panorama.am/
|