ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի առթիվ, Սփյուռքի, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության և ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության մի խումբ ներկայացուցիչներ ՀՀ նախագահի հրամանագրերով պարգևատրվել են ՀՀ մեդալներով և շքանշաններով: ՀՀ պետական բարձր պարգևների մի մասը Նախագահ Սերժ Սարգսյանը հանձնել է ընդունելության ժամանակ:
Ազգային շահերի պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի և դրսևորած անմնացորդ նվիրումի, Հայաստանի Հանրապետությանը մատուցած ծառայությունների, ազգանվեր երկարամյա և բեղմնավոր գործունեության համար Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանը (ԱՄՆ) պարգևատրվել է Պատվո շքանշանով:
Երկրի ղեկավարի մամուլի գրասենյակի հաղորդմամբ, Հայապահպանության գործում ներդրած ծանրակշիռ ավանդի, հայրենիքին մատուցած ծառայությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների միջև բարեկամության ամրապնդմանը մեծապես նպաստելու համար Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի հիմնադիր Ռիթա Պալեանը (ԱՄՆ) պարգևատրվել է Մխիթար Հերացու մեդալով:
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն երկարամյա ծառայության, ազգային հոգևոր արժեքների պահպանման գործում ունեցած նշանակալի ավանդի համար ԱՄՆ հայոց արևելյան թեմի առաջնորդ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:
Դիվանագիտության ասպարեզում ունեցած նշանակալի ծառայությունների համար Մխիթար Գոշի մեդալով են պարգևատրվել ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանը և ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը:
/Panorama.am/
|