Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում վերջին շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման աննախադեպ աճ, որն ինտենսիվորեն շարունակվել է նաև անցած շաբաթվա ընթացքում:
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների միայն սեպտեմբեր ամսվա անցած ժամանակահատվածում ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները «АК», «СВД», «Սև նետ», «Իստիգլալ», «ПК», «ДШК» և այլ տեսակի փոքր և խոշոր տրամաչափի հրաձգային զենքերից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել են ավելի քան 6000 կրակոց` հրադադարի պահպանման ռեժիմը խախտելով շուրջ 900 անգամ: Հատկանշական է, որ նշված խախտումների մոտ 35 տոկոսը արձանագրվել է անցած շաբաթվա ընթացքում:
ՊԲ լրատվության և քարոզչության բաժնից նշում են, որ ուշագրավ է նաև այն փաստը, որ ադրբեջանական զինուժի ձեռնարկած նախահարձակգործողությունների այդօրինակ ակտիվությունը առավել շարունակական բնույթ է կրել ԼՂՀ-ում և ՀՀ-ում անկախության տոներին նվիրված միջոցառումների նախաշեմերին, ինչը բնականաբար նպատակաուղղված է եղել որևէ կերպ ազդել տոնակատարությունների ընթացքի և, իհարկե, հայ հասարակության տրամադրության վրա:
Ելնելով ստեղծված իրավիճակից, ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ոչ միայն ձեռնարկել են համարժեք պատասխան քայլեր, այլև ծայրահեղ անհրաժեշտության դեպքում հակառակորդին հասցրել արժանի հարված:
/Panorama.am/
|