«Ես Թուրքիայի ԱԳ նախարարին խորհուրդ եմ տվել, որպեսզի խուսափի շտապողական դիվանագիտությունից»: Այդ մասին իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ` Նյու Յորքում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԻԻՀ ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին` պատասխանելով Թուրքիայում ՆԱՏՕ-ի ռադարային համակարգերի տեղակայման մասին հարցին:
«ՖԱՐՍ» լրատվական գործակալությունն էլ հաղորդում է, որ Իրանի ԱԳ նախարարը իր թուրք գործընկերոջ` Ահմեդ Դավութօղլուի, հետ հանդիպման ժամանակ նշել է, որ սիրիական խնդիրը պետք է լուծվի առանց արտաքին ուժերի միջամտության: Իրանի ԱԳ նախարարը նշել է, որ Սիրիայում առաջացած անկայունությունը կարող է խաթարել ողջ տարածաշրջանի անվտանգությանը:
Նշենք, որ վերջին շրջանում բացի Սիրիայի հարցից, Իրանի և Թուրքիայի միջև լուրջ տարաձայնություններ առաջացան, երբ Թուրքիան որոշում կայացրեց իր տարածքում տեղակայել ՆԱՏՕ-ի ռադարային համակարգերը, որի առնչությամբ օրերս իր մտահոգությունն էր հայտնել նաև Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին, ով, մասնավորապես, նշել էր. «Թուրքիայի տարածքում ՆԱՏՕ-ի ռադարային համակարգերի տեղակայումը չափազանց վնասակար կլինի և այն ոչ մի օգուտ չի բերի տարածաշրջանի ժողովուրդներին: Փորձը ցույց է տալիս, որ տարածաշրջանում օտար ուժերի ներկայությունը վնասում է տարածաշրջանի երկրների միջև առկա վստահությանը»:
/Panorama.am/
|