Աշխատանքային այցով Վարշավայում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթաժողովին: Երկրի ղեկավարը հանդես է եկել ելույթով, որտեղ անդրադարձել ԵՄ Արևելյան գործընկերության դերին, ԼՂ խնդրին, էներգետիկ ծրագրերին և այլն:
ՀՀ նախագահը Արևելյան գործընկերության ծնունդն իսկապես ժամանակի պահանջն է համարել, որը նոր շունչ է հաղորդել և նոր հեռանկարներ բացել Եվրամիության և Արևելյան գործընկերների հարաբերությունների համար:
«Այժմ, նախաձեռնության մեկնարկից ավելի քան երկու տարի անց, հարկ է ամփոփել առաջընթացը և ուղենշել հետագա անելիքները: Գագաթնաժողովի մակարդակով այս հարցերին անդրադառնալն ինքնին արտացոլում է Արևելյան գործընկերության նկատմամբ վերաբերմունքը և վերահաստատում է այն առաջ մղելու քաղաքական հանձնառությունը»,-ասել է երկրի ղեկավարը:
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ արագ փոփոխվող աշխարհում ի հայտ եկող մարտահրավերները տարբեր դրսևորումներով առնչվում են ինչպես ԵՄ-ին, այնպես էլ Արևելյան գործընկեր երկրներին, քանի որ մեր համագործակցության արդյունքում փոխկապակցվածությունը ավելի ու ավելի շոշափելի է դառնում:
«Մենք մեծապես կարևորում ենք Եվրոպական հարևանության քաղաքականության վերանայման արդյունքում մշակված «ավելի շատ աջակցություն` ավելի շատ բարեփոխումներին» սկզբունքը: Կարևոր են տարբերակված մոտեցման և ընդգրկվածության սկզբունքները. յուրաքանչյուր երկիր կարիք ունի իր արժանիքներին ու առաջընթացին համահունչ գնահատականի»,-ասել է ՀՀ նախագահն ու ավելացրել, որ Հայաստանում իրապես գոհունակությամբ են արձանագրում Ասոցացման համաձայնագրի բանակցություններում գրանցված առաջընթացը:
«Մենք նպատակաուղղված ենք պահպանել ու շարունակել առաջընթացի նման տեմպերը և այժմ քայլեր ենք ձեռնարկում ԵՄ-ի հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտի ստեղծելու ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներն իրականացնելու համար: Մենք այս գործընթացը դիտարկում ենք որպես Հայաստանում հիմնարար ինստիտուցիոնալ և կառուցվածքային բարեփոխումներն առաջ մղելու լրացուցիչ խթան»,-ասել է Սերժ Սարգսյանը:
Նա նաև ասել է, որ դեռևս երկու տարի առաջ Հայաստանը Եվրամիության երկրների փորձագետների խումբ է հրավիրել՝ բարեփոխումների երկրորդ փուլին աջակցելու նպատակով: «Այսօր արդեն մենք ծրագրում ենք Եվրոպական գործընկերների աջակցությամբ սկսել համաժամանակյա և լայնածավալ փոփոխություններ միաժամանակ մի քանի ուղղություններով: Մենք վճռական ենք հետևողականորեն շարունակելու ԵՄ չափանիշներին համապատասխան լայնածավալ բարեփոխումները տնտեսության, արդյունավետ կառավարման, ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության և հասարակական կյանքի տարբեր ոլորտներում»,-ասել է ՀՀ նախագահը:
/Panorama.am/
|