Այսօր ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Վաշինգտոն` Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստին, ինչպես նաև Համաշխարհային Բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան հանդիպումներին մասնակցելու նպատակով, հաղորդում են նախարարության մամլո ծառայությունից:
ՀՀ պատվիրակության կազմում են էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանը և այլ պաշտոնատար անձինք:
ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը հանդիսանում է ԱՄՀ Հայաստանի Հանրապետության կառավարիչը և Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի նախագահը: ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը ՀԲ Հայաստանի Հանրապետության կառավարիչն է:
Այցի շրջանակներում հայկական պատվիրակությունը հանդիպումներ կունենա Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF), Համաշխարհային բանկի (WB), Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA), Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) ներկայացուցիչների հետ:
Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում կքննարկվեն երկկողմ համագործակցության զարգացմանն ուղղված մի շարք հարցեր: Մասնավորապես քննարկումներ տեղի կունենան առևտրի և ներդրումների, մրցակցության, հարկային վարչարարության բարեփոխումներին, ինչպես նաև էներգետիկայի, ջրային ռեսուրսների, առողջապահության ոլորտներին առնչվող հարցերի շուրջ:
/Times.am/
|