Հանրապետության գլխավոր վարակաբան Արա Ասոյանը կոչ արեց վերջ տալ «ագրեսիվ արշավներին» դեպի դեղատներ: Aysor-ի թղթակցի հաղորդմամբ` նա նշեց, որ A/H1 N1 կամ խոզի գրիպի համար նախատեսված «Տամիֆլյու» դեղամիջոցը միայն խիստ ծանր դեպքերի համար է անհրաժեշտ, որը մեր երկրում այս պահին չկա:
«Երբ սկսվեցին A/H1 N1 կամ խոզի գրիպին դիմակայելու միջոցառումները, առաջին խնդիրը ժողովրդին իրազեկելն էր, և 11 հիվանդ քաղաքացիներին հենց այդպես մենք կարողացանք բացահայտել»,- հայտարարեց Ա. Ասոյանը և մանրամասնեց. «Նրանցից 3-ը դիմել են հիվանդանոց` A/H1 N1 կամ խոզի գրիպի կասկածանքով, 5-ը պոլիկլինիկաներ և ևս 3 քաղաքացի օդանավակայանում է հայտնաբերվել, ինչը խոսում է ժողովրդի իրազեկվածության մասին»:
Ա. Ասոյանի խոսքերով` ինքը շատ զանգեր է ստանում, և հասարակության մոտ ստեղծված իրավիճակը հասնում է «փսիխոզի» աստիճանի: Հանրապետության գլխավոր վրակաբանը պատմեց, որ նույնիկ իր ծանոթներից զանգահարում են և խնդրում են իրենց համար «Տամիֆլյու» ձեռքբերել, մինչդեռ այն ծանր դեպքերի համար է անհրաժեշտ միայն:
Ա. Ասոյանը տեղեկացրեց, որ արտերկրում A/H1 N1 կամ խոզի գրիպից մահացածների 9 տոկոսը ոչ թե բուն A/H1 N1 կամ խոզի գրիպից են մահանում, այլ դրա բարդությունից` թոքաբորբի առաջացումից:
«Մեր երկրի կլիմայական պայմաններում թոքաբորբ չի սպառնում մեզ, ուստի չի սպառնում խոզի գրիպից մահացության դեպքեր»,- ընդգծեց Ա. Ասոյանը:
Հայտնենք նաև, որ այսօր աշխարհում 503536 մարդ լաբորատորիայով հաստատված վարակակիր է և մոտ 6000- սահմաններում մահացության դեպքեր են գրանցվել: Մահացության դեպքերը հիմնականում գրանցվում են ԱՄՆ-ում, Եվորպայում մահացության դեպքերն առավել փոքր տոկոս են կազմում:
Հարկ է նշել, որ այսօրվա դրությամբ Հայաստանում գրիպի վարակակիրների թվի աճ չկա, դրանք առայժմ 11-ն են, որոնցից 3-ն արդեն դուրս են գրվել հիվանդանոցներից, մնացած 8-ը գտնվում են հսկողության տակ:
|