Նոյեմբերի 10-ին, ՀՀ Նախագահի Հունգարիա պետական այցելության ավարտից հետո, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կարճատեւ պաշտոնական այցով Բուդապեշտից ուղեւորվեց Շվեյցարիա:
Բեռն ժամանելուն պես Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Միշլին Քալմի-Ռեյի հետ:
Հայաստանի եւ Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման օրակարգում էին երկկողմ համագործակցության տարբեր ոլորտներին վերաբերող մի շարք հարցեր, տարածաշրջանային եւ միջազգային խնդիրներ:
Երկուստեք գոհունակությամբ նշվեց, որ վերջին տարվա ընթացքում երկկողմ հարաբերություններն աննախադեպ զարգացում ապրեցին, ինչի վկայությունն է Հայաստանի եւ Շվեյցարիայի Նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Հանս-Ռուդոլֆ Մերցի հանդիպումը, արտգործնախարարների միջեւ կայացած տասնյակ բանակցությունները եւ Շվեյցարիայի միջնորդությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում: Հարաբերությունների զարգացումը նշանավորվեց Շառլ Ազնավուրի Շվեյցարիայում ՀՀ դեսպան նշանակմամբ, ինչպես նաեւ Հայաստանում Շվեյցարիայի դիվանագիտական ներկայացուցչության հիմնադրմամբ:
Բարձր գնահատելով վերջերս հայ - շվեյցարական հարաբերությունների զարգացման դինամիկան' Էդվարդ Նալբանդյանն ու Միշլին Քալմի-Ռեյը կարեւորեցին բարձր մակարդակի փոխայցելությունների, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման անհրաժեշտությունը' որպես համակողմանի համագործակցության առավել ամրապնդման երաշխիք:
Նախարարները, կարեւորելով երկու ԱԳՆ-երի միջեւ հաստատված արդյունավետ համագործակցությունը, պայմանավորվածություն ձեռք բերեցին իրենց կողմից ղեկավարվող գերատեսչությունների միջեւ պարբերական խորհրդատվություններ անցկացնելու վերաբերյալ, քննարկեցին նաեւ միջազգային կազմակերպություններում համագործակցության ընդլայնման հնարավորությունը: Եվրոպայի խորհրդում Շվեյցարիայի գալիք նախագահության ենթատեքստում նախարարները մտքեր փոխանակեցին կազմակերպության օրակարգային հարցերի եւ գործունեությանն առնչվող խնդիրների շուրջ:
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին եւ Շվեյցարիայի միջնորդությանը' Էդվարդ Նալբանդյանը երախտագիտություն հայտնեց միջնորդական ջանքերի համար: Հայաստանի արտգործնախարարի բնորոշմամբ' Շվեյցարիան ստանձնել էր մի առաքելություն, որը պահանջում էր միաժամանակ հաստատակամություն եւ զսպվածություն, երեւակայություն, զգուշություն ու համբերություն, եւ միջնորդ պետությունը պատվով կատարեց այդ առաքելությունը:
Էդվարդ Նալբանդյանն ու Միշլին Քալմի-Ռեյն անդրադարձան Հարավային Կովկասի տարածաշրջանային հարցերին եւ զարգացումներին:
Այցելության շրջանակներում Շվեյցարիայի կառավարության ընդունելությունների պալատում Էդվարդ Նալբանդյանն ու Միշլին Քալմի-Ռեյը ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Շվեյցարիայի դաշնային խորհրդի միջեւ կանոնավոր օդային հաղորդակցությունների մասին համաձայնագիրը» եւ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Շվեյցարիայի դաշնային խորհրդի միջեւ դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջը վերացնելու մասին համաձայնագիրը»: Արարողությունից հետո տեղի ունեցավ նախարարների համատեղ մամուլի ասուլիսը:
Նոյեմբերի 11-ին Հայաստանի արտգործնախարարը վերադարձավ Երեւան: