ԳԴՀ Շտուտգարտ քաղաքում սեպտեմբերի 16-ին բացվել է հայկական մշակույթի շաբաթ` նվիրված Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի անկախության 20-ամյա տարեդարձին: Միջոցառմանը ներկա են եղել հայ համայնքի, Շտուտգարտի տեղական իշխանությունների և հասարակության ներկայացուցիչներ: Միջոցառման հանդիսավոր մասին հետևել է համերգ` վաստակաշատ հայ կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի և մենակատար Սեդա Սարգսյանի մասնակցությամբ:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, բացման հանդիսավոր արարողությանն ողջույնի խոսքով հանդես է եկել ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանը, ով իր ելույթում ներկայացրել է անցած երկու տասնամյակների ընթացքում Հայաստանի ձեռքբերումներն ու մարտահրավերները, ինչպես նաև անդրադարձել Գերմանիայի դերին երկրի սոցիալ-տնտեսական և քաղաքական զարգացման գործում: Դեսպանը երախտագիտություն է հայտնել հայ համայնքին շարունակական աջակցության համար և կոչ արել ավելի ակտիվ մասնակցություն բերել հայկական պետականության ամրապնդման գործին:
ՀՀ դեսպանության, ԳԴՀ-ում ԼՂ ներկայացուցչության և Շտուտգարտի հայ համայնքի ձեռնարկած համատեղ քայլերի շնորհիվ սեպտեմբերի 19-ին Շտուտգարտի քաղաքապետարանի կողմից տրամադրված դահլիճում տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի անկախության 20-ամյակին նվիրված հանդիսավոր երեկո, որին ելույթով հանդես է եկել Գերմանիայում ԼՂ ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանը: Երեկոն ավարտվել է մշակութային ծրագրով:
Սեպտեմբերի 20-ին Հայաստանի դեսպանությունը ԳԴՀ Զաքսեն-Անհալթ երկրամասի Հալլե քաղաքի Հենդելի տուն-թանգարանի դահլիճում կազմակերպել է ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված հերթական միջոցառում, որին ներկա են եղել երկրամասի պետքարտուղար Յան Հոֆմանը, Հալլե-Վիտտենբերգի Մարտին-Լյութերի անվան համալսարանի ռեկտոր Ուդո Շտրետերը, մշակույթի, գիտության և արվեստի ներկայացուցիչներ, ինչպես նաև հայ համայնքի անդամներ:
Բացման խոսքով հանդես է եկել դեսպան Արմեն Մարտիրոսյանը: Այնուհետև, ցուցադրվել է վավերագրական տեսաֆիլմ` նկարահանված գերմանական գիտնականների կողմից: Տոնական միջոցառմանը հանդես է եկել Հայաստանից ժամանած «Կամերտոն» երիտասարդական կամերային նվագախումբը:
/Panorama.am/
|