«Հաճախ է նշվում այն մասին, որ չի կարելի բանակը հիշել միայն արտակարգ պատահարների ժամանակ: Բանակային թեման լրահոսում պետք է լինի անընդհատ: Այսօր բանակին անդրադառնալու առիթ կա. պաշտպանության նախարարի հրամանով այս օրերին Զինված ուժերում ձեռնարկվում են տարաբնույթ արտակարգ պատահարները կանխելուն ուղղված լայնամասշտաբ միջոցառումներ: Ընդ որում, հատկանշականն այն է, որ այս միջոցառումները հասցեագրված չեն կոնկրետ զորամասերի, այլ ունեն համընդհանուր բնույթ: Այս ամենի նպատակն է կտրուկ բարձրացնել Զինված ուժերի ստորաբաժանումներում կարգապահության մակարդակը»,- այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:
«Անշուշտ կանխարգելիչ այս միջոցառումները շատ կարևոր են: Անկասկած դրանք կզգաստացնեն անձնակազմը, և արդյունքում վերահսկողության մակարդակը զորքերում կբարձրանա: Սակայն ձեռնարկվող միջոցառումներից պակաս կարևոր չէ նաև այն, որ մեր ժողովուրդը տեսնի, համոզվի, որ բանակում ողբերգական պատահարներ թույլ չտալու նպատակով աշխատանքներ են տարվում: Այստեղ խոսքը էժանագին PR-ի մասին չէ բնավ: Դրա կարիքը մեր բանակը չունի: Պարզապես հարկավոր է ցրել այն մտայնությունը, թե ոչինչ չի արվում, թե ոչինչ փոխել հնարավոր չէ»,- ասաց Դ. Ջամալյանը: Նրա համոզմամբ՝ ձեռնարկվող միջոցառումները հարկ է դիտարկել նաև իբրև բանակում բռի սպայի կերպարն արմատախիլ անելուն ուղղված քաղաքականության մի մաս:
«Սպայի աշխատանքում բռնությունը, կոպտությունը անհանդուրժելի է լինելու, և այդ առումով ոչ ոք բացառություն լինել չի կարող: Ահա այս միջոցառումների առանցքային գաղափարը»,- եզրափակեց փորձագետը:
/Panorama.am/
|