«Ազնավուրի հրապարակ» ֆիլմը հաղթել է Արգենտինայի Բուենոս Այրես քաղաքում կայացած «Նուեվա Միրադա» 10-րդ միջազգային պատանեկան ֆիլմերի կինոփառատոնում` արժանանալով փառատոնի դոկումենտալ ֆիլմերի համար տրվող «Նոր մոտեցում» անվանակարգին:
«Ազնավուրի հրապարակ» ֆիլմը նկարահանվել է 2010 թվականին: Հեղինակները Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի Գյումրիի էկոակումբի սաներն են` դպրոցականներ Աննա Ասատրյանը, Արման Գասպարյանը, Անժելա Գասպարյանը, Արթուր Հարությունյանը, Արսեն Խաչատրյանը, Լիլիթ Մաթևոսյանը, Քնարիկ Գասպարյանը Անուշիկ Միքայելյանը, Վարուժ Ղազարյանը, Ալեքսան Վարոսյանը, Դավիթ Համբարյանը, Անի Մանուկյանը, Արմինե Կյուրեղյանը: Ֆիլմը ներկայացնում է պատանիների հետաքննությունը իրենց քաղաքի աղբի խնդիրների վերաբերյալ:
Ըստ հեղինակների, աղբահանությունն այսօր մեծ խնդիր է Գյումրիում, և թեև Գյումրին Հանրապետության երկրորդ քաղաքն է, այնուամենայնիվ նույնիսկ կենտրոնական փողոցները, այդ թվում քաղաքի Շառլ Ազնավուրի անվան նորակառույց հրապարակը, շարունակում են աղբի մեջ մնալ: Ֆիլմի հեղինակները ներկայացնում են ոչ միայն քաղաքի աղտոտված պատկերը, այլ փորձում են հասկանալ, թե ինչպես են այդ խնդրով զբաղվում պատասխանատու այրերը. Հեղինակների կինոխցիկը «որսացել» է այրերի անգործությունը և պաշտոնական մեկնաբանություններից հրաժարումը: Պատանիներն առանց մեկանաբանությունների դիտողին ներկայացնում են, թե ինչպես այդ անգործության արդյունքում քաղաքի բազմաթիվ բնակիչներ մինչ օրս ապրում են անարժանապատիվ կյանքով` աղբի և փլատակների անլուծելի խնդիրների մեջ:
/Panorama.am/
|