«Մարքեթինգի հայկական ասոցիացիան» և «Մարքեթինգի հայկական ակումբն» այսօր Հայաստանի երիտասարդական հիմնադրամում «Ֆիլիպ Կոտլերը Հայաստանում 11.11.11» ծրագրի շրջանակներում կազմակերպել էին հանդիպում-քննարկում ուսանողների հետ։
Նշենք, որ նոյեմբերի 10-11-ին նախատեսվում է Ֆիլիպ Կոտլերի այցը Երևան։ Ֆիլիպ Կոտլերին համարում են մարքետինգի հիմնադիրը: Նրա «Մարքեթինգի հիմունքներ» գիրքը մասնագետները կիրառում են որպես մարքեթինգի այբուբեն։ Հայաստանում նա կներկայացնի իր նոր` Marketing 3.0 հայեցակարգը: Կոտլերի մարքեթինգի տեսությունն իրենց զարգացման ընթացքում կիրառել են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Սինգապուրը և Ինդոնեզիան:
Ֆիլիպ Կոտլերի այցի շրջանակներում նախատեսված է անցկացնել հեռուստահաղորդումների շարք, մասնագիտական դասընթացներ և սեմինարներ հայաստանյան և տարածաշրջանի մասնագետների, գործարար համայնքի և ուսանողների համար, ինչպես նաև մրցույթներ: Ֆ. Կոտլերի Հայաստան գալու նպատակներից մեկն էլ այստեղ մարքեթինգի կենտրոնի ստեղծումն է, որը կսպասարկի ողջ տարածաշրջանը՝ Վրաստանը, Իրանը, Ռուսաստանը, Ուկրաինան, Թուրքիան:
Ըստ «Ֆիլիպ Կոտլերը Հայաստանում 11.11.11» ծրագրի ղեկավար Արմեն Սարգսյանի` Կոտլերի ընտրությունը պատահական չէ, քանի որ նա հայտնի է ոչ միայն որպես գիտնական, այլև շատ երկրներին խորհրդատվություններ մատուցող առաջադեմ մասնագետ։ Արմեն Սարգսյանը տեղեկացրեց, որ Կոտլերը Հայաստան է ժամանում ոչ միայն ուսանողության, գործարար աշխարհի ներկայացուցիչների հետ սեմինարներ անցկացնելու նպատակով, այլև ՀՀ պետական մարմիններին խորհրդատվություն մատուցելու համար։
/Panorama.am/
|