Նշենք, որ ՀՀ մշակույթի նախարարությանը օրերս Վրաստանի մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալությունը գրավոր տեղեկացրել էր, որ Թբիլիսիի Մուղնեցոց Սուրբ Գևորգ եկեղեցու վերականգնման նախագծի մշակման նպատակով եկեղեցու տարածքում տարվում են նախապատրաստական ուսումնասիրություններ:
Գործակալության գլխավոր տնօրենի պաշտոնակատար Զուրաբ Միմինոշվիլու հավաստամամբ` նախագծի մշակման աշխատանքները ղեկավարում է փորձառու վերականգնող ճարտարապետ Շալվա Մելիքիձեն: Ներկա դրությամբ ավարտվել է հուշարձանի չափագրումը և իրականացվում են եկեղեցու հիմքի ինժեներա-երկրագիտական պայմանների ուսումնասիրման աշխատանքներ:
Aysor-ի հետ հեռախոսազրույցում ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Գայանե Դուրգարյանը հայտնեց, որ հայ մասնագետների խումբը Վրաստանում մնալու և աշխատելու է:
«Կմնան այնքան, ինչքան անհրաժեշտություն կլինի. համատեղ աշխատելու են: Մասնագետները տեղում քննարկելու են` ըստ ծագած խնդիրների և ըստ իրավիճակի»,- ընդգծեց Գայանե Դուրգարյանը:
Իսկ այն հարցին, թե արդյո՞ք մտավախություն չկա, որ Թբիլիսիի Մուղնեցոց Սուրբ Գևորգ եկեղեցին կվերականգնվի որպես վրացական եկեղեցի` նկատի ունենալով վերջերս Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Նալբանդովի այն հայտարարությունը, ըստ որի` Թբլիսիում և այլ վայրերում «վիճելի եկեղեցիները» հանդիսանում են ոչ թե հայկական, այլ վրացական:
Ի պատասխան, հասարակայնության հետ կապերի պատասխանատուն թե. «Չեմ ուզում մասնագետներից առաջ ընկնել և որևէ բան ասել»:
Հետգրություն- Նյութի հրապարակումից հետո մշակույթի նախարարությունից զանգահարեցին, թե` այն, ինչ հայտարարել է Վրաստանի ԱԳՆ-ն, պետք է ճշգրտել Հայաստանի ԱԳՆ-ից, ոչ թե` մշակույթի նախարարությունից։
/Aysor.am/