«Ուզում եմ նշել, որ «Վեդոմոստի» թերթին միանշանակ վստահել չի կարելի»,– նախ նշեց Մելիք–Շահնազարյանը՝ պարզաբանելով, որ նման տեղեկատվական արտահոսքը, հնարավոր է, արվել է հետախուզական նպատակով՝ պարզելու հակառակորդների արձագանքը։ Միևնույն ժամանակ, ըստ փորձագետի, հիշյալ համակարգերի վաճառքի լուրը պաշտոնապես և միանշանակ ոչ հերքվել, ոչ էլ հաստատվել է, ինչը, ըստ Մելիք–Շահնազարյանի, նշանակում է, որ տեղեկության իսկության հավանականությունը մեծ է։
Նրա խոսքով, Հայաստանի օդուժը բավականաչափ ուժեղ չէ, և պատերազմի հնարավոր վերսկսման դեպքում շեշտը կդնի ցամաքային զորքերի վրա։
«Եթե հնարավոր պատերազմը վերսկսվի Հայաստանի և Ադրբեջանի միջև, միանշանակ կարող ենք ասել, որ հայկական կողմը փորձելու է շեշտադրումները դնել հիմնականում ցամաքային զորքերի վրա և խուսափել օդում պայքարի դուրս գալուց։ Սա իսկապես երևի մեր ամենաթույլ կողմերից է»,– հայտարարեց վերլուծական կենտրոնի ղեկավարը, միաժամանակ, հավելելով, որ «մենք, չունենալով ուժեղ ավիացիա, ստեղծել ենք ուժեղ հակաօդային պաշտպանություն։ Ըստ նրա, այս հանգամանքը պատերազմի դեպքում թուլացնում է հայկական պետությունների դիրքերը, «բայց չեմ կարծում, որ որոշիչ նշանակություն կունենա»։
Հրանտ Մելիք–Շահնազարյանը նաև տվյալներ ներկայացրեց C-300 համակարգերի մասին. «C-300–ն առաջին անգամ հայտնվել է 1974թ., այնուհետև անընդհատ զարգացել է, մոդիֆիկացվել, և այսօր արդեն կա C-400-ը։ Բայց կոնկրետ այս տեսակը ստրատեգիական համարվող հակաօդային պաշտպանության համակարգ է, որը, իմիջիայլոց, հնարավորություն է տալիս վերացնել նաև գետնին գտնվող տարբեր նշանակետեր, եթե կոորդինատները հայտնի են։
Ինքնաթիռները նա վերահսկում է և կարող է չեզոքացնել 200 կմ. տարածությամբ, իսկ բալիստիկ և ռազմավարական հրթիռները՝ մոտ 40 կմ հեռավորության վրա։ Այն նպատակակետը տեսնում է 600 կմ հեռավորության վրա, այսինքն կոնկրետ մեր պարագայում, եթե Ադրբեջանն ունենա նման զենք, Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ցանկացած թռչող օբյեկտ՝ լինի դա քաղաքացիական, թե ռազմական ինքնաթիռ, միանգամից հայտնվում է այդ համակարգի վերահսկողության տակ, որին այն կհետևի մինչև 200 կմ հեռավորության վրա, և դրանից հետո միայն կարող է վերացնել այդ նշանակակետերը»։
/Tert.am/