Վաճառողուհին նշեց, որ առայժմ ոչ բոլոր հացատեսակներն են թանկացել, բայց մի քանի ընկերությունների հացերի ու լավաշների գներն արդեն բարձրացել են։ Թանկացումները, ըստ նրա, տատանվում են 20–40 դրամի սահմաններում։ Շուկայում թանկացել է նաև ալյուրի մեծածախ վաճառքի գինը։ Բարձրակարգ ալյուրի 1 պարկն արդեն այսօր արժե 28 ԱՄՆ դոլար, մեկ ամսում այն թանկացել է 8 դոլարով։ Երեկվա համեմատ նույնպես բարձրակարգ ալյուրը թանկացել է՝ մեկ պարկը 1,30 դոլարով։
Ի դեպ, միջազգային շուկայում ցորենի գներն արդեն սկսել են նվազել։ Չիկագոյի առևտրային բորսայում երկուշաբթի ցորենի գինը նվազել է 5,3%–ով՝ կազմելով $7,15 մեկ բուշելի դիմաց։ Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալութունը։
Հիշեցնենք՝ Հայաստանի կառավարությունը վստահեցնում է, որ պաշարները բավարար են երկարաժամկետ հեռանկարում ներքին պահանջարկը բավարարելու համար։ «Պետք է նշել, որ թե՛ կառավարությանը, թե՛ մասնավոր ներկրողներին հաջողվել է ժամանակին ձևավորել ցորենի համապատասխան` Հայաստանի պահանջարկը բավարարելու համար առավել քան բավարար պաշար: Այժմ էլ թե՛ կառավարությունը, թե՛ ներմուծողները շարունակում են աշխատանքները` Հայաստանի Հանրապետություն ցորենի ներմուծման և երկրի պարենային անվտանգության ամրապնդման ուղղությամբ»,- դեռ նախորդ շաբաթվա վերջին Tert.am–ին ասել էր վարչապետի օգնական Արամ Անանյանը։
Ցորենի և ալյուրի բավարար պաշարների առկայության մասին մտահոգությունները փորձել է փարատել նաև մասնավոր սեկտորը։ Ալյուրի խոշոր ներկրող, գործարար Սամվել Ալեքսանյանն անցած շաբաթ հայտարարել էր, որ Հայաստանում ալյուրի և ցորենի բավական պաշար կա, ներկրումն էլ շարունակվում է։
/Tert.am/