Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ազգային մրցունակության հիմնադրամի տնօրեն Բեկոր Փափազյանը տեղեկացրեց, որ այս տարի Հայաստան է եկել 600 000 այցելու, որը 10 տոկոսով ավելին է, քան անցյալ տարվա ցուցանիշը: Նա նշեց, որ տարեց տարի նկատվում է այցելուների թվի աճ:
Ասուլիսին ներկա Տուրիզմի ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանն իր հերթին նշեց, որ պետք է տարբերել զբոսաշրջիկ և այցելու հասկացությունները, քանի որ այցելուների մի մասը իջևանում է հարազատների բնակարաններում և զբոսաշրջիկներ չի համարվում:
«Մարդն ազատ է, որտեղ կցանկանա, այնտեղ էլ կմնա»,- շեշտեց Ռ. Մինասյանը:
Տուրիզմի ինստիտուտի ռեկտորը զբոսաշրջության ոլորտում կարևորեց կազմակերպված տուրիզմը, որը Հայաստանում քիչ տոկոս է կազմում: Այստեղ, բանախոսի վստահեցմամբ, «երկրի ճանաչելիության խնդիրն է»:
Զբոսաշրջությունը զարգացնելու համար, Ռ. Մինասյանը առաջարկեց արտերկրում ակտիվ գովազդային աշխատանքներ տանել և նշեց, որ այսօր այդ աշխատանքները թերի են: /Aysor.am/
|