Այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստան է այցելել շուրջ 600 հազար զբոսաշրջիկ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցելով 18%-ի աճ: Այս մասին այսօր կայացած ասուլիսում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը: «Այսինքն`18%-ոց աճը պահպանելու պարագայում, որը մեր կանխատեսումներով լրիվ իրատեսական է, մենք տարեվերջին կարձանագրենք 800.000 տուրիստական այցելություն` 2010թ.-ի 684 հազարի դիմաց»,- նշեց փոխնախարարը:
Ըստ նրա` դրա համար կան բոլոր նախադրյալները, քանի որ առաջին կիսամյակում, ըստ պաշտոնական վիճակագրության, զբոսաշրջային այցելությունների աճը կազմել է 16 տոկոս՝ 2010թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ: Ա.Պետրոսյանը նշեց նաև, որ ներքին զբոսաշրջությունը նույնպես աճում է, սակայն այս պահին պաշտոնական տվյալներ չկան և դրանք կհրապարակվեն նոյեմբերի սկզբին:
Ա.Պետրոսյանի խոսքերով` Հայաստանը որպես մեկ լոկալ երկիր տուրիզմի տեսանկյունից տարողունակ չէ և մենք պետք է տուրիզմը զարգացնենք տարածաշրջանային տուրիստական պրոդուկտի մաս կազմելով: Փոխնախարարը ընդգծեց, որ այդ քաղաքականությունը իրենք շատ հաջող իրականացնում են Վրաստանի և Իրանի հետ:
Նա նկատեց նաև, որ այն զբոսաշրջիկները, որոնք այցելել են Վրաստան, նրանք չեն այցելել Վրաստան ի հաշիվ Հայաստանի տուրիստական հոսքերի, այլ դրանք եղել են լրացուցիչ տուրիստական հոսքեր: «Մենք պետք է վրացիների հետ ավելի համակարգված աշխատենք, որպեսզի կարողանանք ներգրավել տուրիստներ միանգամից երկու երկրի համար, կոմբինացված` Հայաստան-Վրաստան և Հայաստան-Իրան»,- ասաց Ա.Պետրոսյանը:
/Panorama.am/
|