Блог
Главная »
2010 » Август » 6 » 2011թ.-ից Հայաստանում կներդրվեն էլեկտրոնային անձնագրեր և նույնացման քարտեր
15:03 2011թ.-ից Հայաստանում կներդրվեն էլեկտրոնային անձնագրեր և նույնացման քարտեր |
Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ) և ԵԱՀԿ-ն աջակցում են Հայաստանի կառավարությանը անձանց նույնացման և ճամփորդական փաստաթղթերի համակարգի արդիականացման ու բարեփոխման գործընթացում: Տեխնիկական աջակցության այս ծրագիրը նախաձեռնվել է ՀՀ ոստիկանության և ԱԳՆ-ի առաջարկով և ուղղված է աջակցելու ՀՀ նախագահի 2008 թ.-ի մարտի 15-ի «ՀՀ միգրացիայի համակարգի և ՀՀ-ում կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի և նույնացման քարտերի համակարգի ներդրման հայեցակարգի մասին» կարգադրության իրականացմանը: Նշված կարգադրությամբ 2011թ.-ից ՀՀ-ում ներդրվելու են կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրեր և նույնացման քարտեր:
ՄՄԿ-ի և ԵԱՀԿ-ի համատեղ «Աջակցություն ՀՀ-ում կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող նույնացման և ճամփորդական փաստաթղթերի համակարգի ներմուծմանը» ծրագրի նպատակն է աջակցել ՄԱԿ-ի քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ՔԱՄԿ, ICAO) կողմից ընդունված չափանիշներին համապատասխանող կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի և նույնացման քարտերի համակարգի ներդրման ազգային պլանի մշակմանը: Նշված ազգային պլանը կուղղորդի ՀՀ կառավարության կողմից նույնականացման և ճամփորդական նոր փաստաթղթերի ներդրման գործընթացը:
Ի հավելումն նշված պլանի մշակմանը, ՄՄԿ-ի կողմից իրականացվող ծրագիրն ունի նաև այլ բաղադրիչներ. փորձագիտական խորհրդատվություն պաշտոնյաներին, կարիքների գնահատում, կենսաչափական կողմնորոշիչներով փաստաթղթերի և ինքնության վարման թեմայով ուսուցում, ինչպես նաև փորձի փոխանակման այց կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող նույնացման և ճամփորդական փաստաթղթերի համակարգ ունեցող պետություններ:
Ինչպես հայտնում են ՄՄԿ Հայաստանի առաքելությունից, ներկայումս ՄՄԿ-ի միջազգային փորձագետներն Էլեկտրոնային ենթակառուցվածքների ներդրման գրասենյակի մասնագետների հետ միասին ամփոփում են էլեկտրոնային անձնագրերին և նույնացման քարտերին ներկայացվելիք տեխնիկական պահանջները:
Ծրագիրը ֆինանսավորվում է ՄՄԿ-ի կողմից: ԵԱՀԿ Քարտուղարության ահաբեկչության դեմ պայքարի բաժինը համաֆինասավորել է ծրագրով նախատեսված անկախ փորձագետների այցերը: Կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող նույնացման և ճամփորդական փաստաթղթերի ներդրման շնորհիվ ակնկալվում է տեղաշարժի և վիզաների դյուրացում, որը Եվրոպական նոր հարևանության և Արևելյան գործընկերության հիմնական կետերից մեկն է:
/Tert.am/
|
Просмотров: 563 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |