Կայքի մենյու

Հոդվածներ [58]
Վերլուծություն [14]
Մեկնաբանություններ [0]
Հարցազրույց [8]
Մամուլի տեսություն [4]
Արդի ռետրո [4]

Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Февраль 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Главная » 2010 » Февраль » 19 » Հայ Դատ. անցյալը, ներկան, լուծումները
18:10
Հայ Դատ. անցյալը, ներկան, լուծումները
Հայ Դատը, կամ Հայոց պահանջատիրությունը գործընթացների մի ամբողջություն է, որի վերջնական նպատակը մեր ազգի համար բնական և կենսական այնպիսի պայմաններ ապահովելն է, որոնք կբացառեն ցեղասպանության կրկնությունը կամ սպառնալիքը, և կապահովեն մեր բնականոն կյանքն ու զարգացումը մեր պատմական Հայրենիքում:
Հայ Դատն` իր այսօրվա ըմբռնումով բացվել է Առաջին աշխարհամարտի ավարտից հետո, որի ընթացքում իր գագաթնակետին հասավ մեր Հայրենիքի ամբողջ տարածքում հայերիս որպես ազգ ոչնչացնելու թուրքական ծրագրի իրագործումը, ուստի և այն Ցեղասպանության հետևանք է և իր արդար լուծումը Ցեղասպանության հետևանքները վերացնելով է գտնելու: Դրանք են. մարդկային կորուստները, մշակութային կորուստները, տարածքային կորուստները, նյութական կորուստները:

Ամենածանր և անվերականգնելի են, իհարկե, մարդկային կորուստները: Սրանց մեջ են մտնում ոչ միայն այն մեկ ու կես միլիոնը (հաշվարկը, հասկանալի է, խիստ մոտավոր է), որ սպանվեցին Մեծ Եղեռնի ժամանակ, այլև տասնյակ հազարավոր երեխաները, ովքեր, քրդացած, թրքացած, արաբացած թեկուզ և պահպանեցին իրենց ֆիզիկական կյանքը, բայց ազգի գենոֆոնդին այլևս չծառայեցին: Սրանց պետք է ավելացնել նաև այն սերունդները, որ պետք է ծնվեին ու ծնեին, այնպես որ մեր մարդկային կորուստները բազմակի անգամ գերազանցում են մեկ ու կես միլիոնը: Սրանք ուղղակի զոհերն են:

Կան նաև անուղղակի զոհեր: Մեծ եղեռնի արդյունքը եղավ Սփյուռքը` այսօր և միշտ մշտական ուծացման վտանգի տակ: Մի կառույց, որ Մայր Երկրից և ազգից այսօր էլ արյուն է քամում, քամում և քաշում, հիմնականում անվերադարձ, այլ ազգաց երակները սնելով և լցնելով, այլոց մշակույթն ու արվեստը, քաղաքական ու տնտեսական, գիտական միտքը ծաղկեցնելով: Վ.Սարոյանը հայերեն պետք է գրեր, Հ.Այվազովսկին հայ ծովանկարիչ պետք է լիներ, իսկ Գ.Գյուլբեկյանը` Հայաստանի պատկերասրահները հարստացներ: Համաշխարհային մշակույթին և գիտությանը տված առատ տուրքը չի կարող սփոփել և ուրախացնել, եթե այն մեր հարազատ մշակույթի հաշվին է արված:

Ցեղասպանության անուղղակի զոհերն են նաև բռնի դավանափոխ արված և այդ ճանապարհով ուծացված հայերը, ովքեր, մասամբ, արդեն ազգային գիտակցությունը կորցրած, դեռ հիշում են իրենց ծագման մասին, իսկ մասամբ էլ, դեռ նաև լեզուն պահպանած, ամեն պահ, ամեն րոպե ու օր ծանրագույն հոգեկան ողբերգություն են ապրում: Արցախյան ազատամարտը և Խորհրդային կայսրության փլուզումը մեր ազգի այդ հատվածին նոր կյանք ու սիրտ տվեցին, իսկ Թուրքիայից Հայաստան ելումուտի պարզեցումը` շատերին հարազատ ակունքներին դառնալու, հարազատներին գտնելու երջանիկ հրարավորությունը տվեց` նրանց մեջ Հայն արթնացնելով:

Արևմտյան Հայաստանում և ամբողջ Թուրքիայիում մենք մշակութային վիթխարի հարստություն էինք ստեղծել: Փրկել հաջողվեց դրա չնչին մասը միայն` առաջին հերթին ձեռագրերը, որոնք փոքրածավալ էին ու դյուրաշարժ: Օտարության մեջ մնաց մեր ամբողջ ճարտարապետական ժառանգությունը` տաճարները, եկեղեցիները, խաչքարերը, սրբավայրերը, բերդերն ու ամրոցները, արիական շրջանից եկող և հնդեվրոպացի բոլոր ազգերի համատեղ հարստությունը հանդիսացող կիկլոպյան կառույցները, այդ թվում` արիների դիցարանի արձանները Նեմրութ լեռան գագաթին: Այս ցանկը երկար կարելի է շարունակել: Այսօր այդ հսկայական հարստությունից գրեթե ոչինչ չի մնացել. ավերելով, քանդելով ու ոչնչացնելով հայերիս նյութական մշակույթը Հայաստանում, թուրքերը համոզված էին, որ դրանով իրենց ապահովագորում են մեր պահանջատիրությունից. «դուք այստեղ նյութական մշակույթ չունեք, ուրեմն` այստեղ չեք եղել»: Մեր մշակույթի այս շերտը ևս, ցավոք, ըստ էության անդարձ կորած է արդեն:

Հայերիս մեր Հայրենիքում ոչնչացնելով, թուրքերն ուզում էին, առաջին հերթին, տիրել երկրին, ապա նոր` մարդկանց ունեցվածքին: Պետք է ասել, որ դա նրանց հաջողվեց մասամբ միայն: Հայ տարրը Հայկական բարձրավանդակում իսպառ ոչնչացնել չհաջողվեց, ծպտյալ հայերի քանակը Արևմտյան Հայաստանում, տարբեր տվյալներով, մի քանի միլիոնի է հասնում: Նրանք շարունակում են տերը մնալ իրենց երկրի, իսկ աշխուժացած շփումը Հայաստանի Հանրապետության հետ նրանց մեծ մասին, հուսով ենք, նորից դարձի կբերի, և այդ գործընթացն արդեն սկսվել է:
Արևմտյան Հայաստանին տիրելու իրավական հիմքերն առավել քան խախուտ են, և Թուրքիայի առջև օր օրի ստվարանում է Սևրի դաշնագիրը կյանքի կոչելու սպառնալիքը, որի դրույթների իրականացումը մի օր, անկասկած, նորից դառնալու է մեծ տերությունների քննարկման առարկան:

Ցեղասպանության հետևանքով մենք Արևմտյան Հայաստանում հսկայական նյութական հարստություն թողեցինք, որի մեծ մասը յուրացվեց թուրքական պետության կողմից, մյուս մասն էլ, որպես ավար, բաժանվեց սպանդն իրականցնող խուժանին: Այսօրվա գներով այն մոտ 100 մլդ. դոլար արժե: Սա մեծ գումար է, և դրա վերադարձը շատ ծանր է նստելու Թուրքիայի վրա: Ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի համար, այսպիսով, նախևառաջ, ոչ թե պատվի, այլ իր այսօրվա սահմաններով ու վիճակով պարզ ֆիզիկական գոյության հարց է դառնում:

Եթե թուրքերը վստահ լինեին, որ Ցեղասպանության համար մեղա գալուց հետո հարցը կփակվի, վաղուց արդեն այն ընդունած կլինեին: Միամտություն է կարծելը, թե նրան այս բանը չեն հասկանում: Նրանք միանգամայն արդարացի վախենում են ճանաչման հետևանքներից, այն բանից, որ ճանաչումն անխուսափելիորեն նյութական պատասխանատվություն է բերելու. բռնազավթած և ապօրինի պահվող տարածքների վերադարձ, Հայաստանի Հանրապետության վերականգնում Սևրի դաշնագրի սահմաններում, ինչը փոխելու է սահմանները նաև Հայստանի մյուս հարևանների հետ, բացառությամբ Իրանի: Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման շուրջը թուրքերի բարձրացրած «վայնասունը» դրա լավագույն ապացույցն է:

Ցեղասպանության հետևանքների վերացման այսպիսի ծրագիրը նորություն չէ. այն հաջողությամբ իրականացվել է Գերմանիայի նկատմամբ` որպես հրեաների Հոլոքոսթը կազմակերպելու պատժամիջոց, և դեռ ավարտված չէ:

Ցեղասպանության մասին խոսելով հաճախ մենք, իսկ մեզ նայելով` նաև միջազգային իրավունքի մասնագետներն ու ցեղասպանագետները, սահմանափակվում ենք 1890-1923 թվականներով և Հայաստանի Արևմտյան (թուրքական) հատվածով, այնինչ այն ավելի ընդգրկուն է թե´ ժամանակաշրջանի, թե´ տարածքների տեսակետից: Ժամանակաշրջանի առումով այն սկսվում է XIX դարի սկզբից և, ցավոք սրտի, դեռ շարունակվում է, իսկ տարածքային առումով ընդգրկում է, Արևմտյան Հայաստանից զատ, Օսմանյան Թուրքիայի գրեթե ամբողջ ասիական տարածքը և Ռուսական կայսրության, իսկ հետո նաև` Խորհրդային պետության Հարավկովկասյան հատվածը, Կավբյուրոյի որոշումներով 1921 թվին Ադրբեջանին հատկացրած Քուռ գետի աջափնյակը` Գարդմանքը, Ուտիքն ու Ղարաբաղը, ինչպես նաև Նախիջևանը և Վրաստանին հատկացրած Ջավախքը:

Եթե Արևմտյան Հայաստանի, իսկ Ղարաբաղյան պատերազմի հետ կապված` նաև Քռի աջափնյակի ու Նախիջևանի մասին բոլորը բավականին լավ են իրազեկված, ապա անհամեմատ քիչ է հայտնի Ջավախքի ողբերգությունը, որ տեղի ունեցավ 1918-1921թ.թ.:
 
1918 թ. հունվարից մայիս ընդմիջումներով տևած համառ իքնապաշտպանական մարտերը գավառ ներխուժած թուրքական կանոնավոր զորքի և դրան եռանդուն աջակցող տեղի /մեսխեթցի/ թուրքերի դեմ ավարտվեցին Վերին Ջավախքի (Ախլքաղաքի գավառ) բնակչության գաղթով Վրաստան, որտեղ Վրաստանի Ժողովրդավարական Հանրապետության կառավարությունը նրանց փակեց համակենտրոնացման ճամբարներում, որտեղ, նաև ձմռանը Վրաստանից վերադարձի ճամփին, սովից, հիվանդություններից և ցրտից զոհվեց բնակչության գրեթե կեսը` ավելի քան 40 000 մարդ: Ներքին Ջավախքի (Ախլցխայի գավառ) բնակչությունը կարողացավ ավելի լավ կազմակերպվել, և ՀՅԴ անդամ Զորի Զորյանի գլխավորությամբ հաջողությամբ դիմագրավեց թուրքերին ու փրկվեց ջարդից:

Օտարազգի, մասնավորապես` քրիստոնյա, և հատկապես` հայ բնակչությունն իրենց պետության ապագա գոյության և տարածքային զավթումների գործողությունների հիմնական խոչընդոտը համարելով, թուրքերը XIX դարի սկզբից անցան նրանց ճնշելու և աստիճանաբար վերացնելու քաղաքականությանը: Մինչև Առաջին աշխարհամարտը այդ ճնշումը` ջարդեր, բռնի դավանափոխություն, տեղային բնույթ էր կրում, սահմանափակվելով այս կամ այն գավառով կամ քաղաքով, բայց հետզհետե ընդարձակվեց, սաստկացավ, գագաթնակետին հասնելով 1915-1920թթ., երբ, օգտվելով պատերազմի ընձեռած առիթից, թուրք կառավարությունն իրականացրեց Հայոց Մեծ Եղեռնը, դրանով ցանկանալով փակել հարցը: Հետագան ցույց տվեց, սակայն, որ դա նրանց չհաջողվեց:

Հայ Դատն անցել է երեք փուլ: Առաջինը` XIX դարի սկիզբ – 1923 թթ., որն իր գագաթին հասավ, կազմակերպված զանգվածային բնույթ ստացավ Հայոց Մեծ Եղեռնի ժամանակ: Այդ շրջանին բնորոշ է մեր ազգային ռոմանտիզմը` հույսը, որ արևմտյան հզոր քրիստոնյա պետությունները մեզ տեր կկանգնեն և Օսմանյան կայսրությանը կստիպեն գնալ բարեփոխումների, որով հայերիս կյանքը Թուրքիայում գոնե տանելի կդարձնեն: Վրա հասած հիասթափությունն ու հետագայում ռոմանտիզմից ռեալիզմին անցնելու անհրաժեշտությունը շատ դիպուկ բնորոշել է Խրիմյան Հայրիկը` վերադառնալով Բեռլինյան վեհաժողովից. «Մեր ձեռքը թղթե շերեփ էր, իսկ հարկ է ունենալ` երկաթե»: Ազգն աստիճանաբար գալիս էր այն գիտակցությանը, որ «միայն զենքով է հայի փրկություն»: Ցավոք, տարբեր, մեզանից անկախ և մեզանից կախյալ պատճառներով, առանձին խմբերի զինված գործողությունները զանգվածային ապստամբության չվերածվեցին: Ռոմանտիզմը և անտեղի «ասպետությունը» դեռ լիովին դուրս չէին մղված հայի սրտից, դեռ չէր հասունացել այն գիտակցությունը, թե կենաց և մահու այս կռվում թշնամուն հաղթելու համար նրա հետ պետք է նույն զենքով և նույն դաժանությամբ պայքարել:

Երկրորդ շրջանն սկսվում է 1923 թվից: Արևմտյան Հայաստանի բնակչության այն հատվածը, որ մազապուրծ եղած փրկվեց և ցրվեց աշխարհով մեկ, ոտքի էր կանգնում, կազմակերպվում էր և փորձում աշխարհին հասցնել իր ողբերգությունն ու իր պահանջները` առայժմ խաղաղ ճանապարհով: Այդ շրջանը վերջանում և հաջորդ, ներկա շրջանն սկսվում է ԱՄՆ-ում հնչած Գուրգեն Յանիկյանի կրակոցներով: Սրա հիմքը, սակայն, ավելի վաղ էր դրվել` 1918-1924թթ., երբ հայոց ազգի դահիճներին պատժելու նպատակով մշակվեց և իրականացվեց «Նեմեզիս» գործողությունը, տարբեր երկրներում ոչնչացնելով Մեծ եղեռնի կազմակերպիչներին:

Այսուհետ պարզ էր, որ ողբ լսող, առավել ևս` ողբացողին, օգնող չկա, և աշխարհն ու մարդկությունը սովոր են ունկնդրել միայն այն պահանջներին, որ ուղեկցվում են ոչ թե ավետարանական հորդորներով, այլ ռումբերի և գնդակների տեսք ունեցող ծանրակշիռ և համոզիչ փաստարկներով: Արդեն իսկ աշխարհով մեկ սկսված թուրք դիվանագետների որսը, Թուրքիայի ներկայացուցչությունների գրավումը և ոչնչացումը կանոնավոր և օրինակելի-ցուցադրական բնույթ ստացան, և աշխարհը հասկացավ, որ ալևս հայոց պահանջներն անտեսելն անհնար է: Տարբեր երկրներ սկսեցին ճանաչել Հայոց Ցեղասպանությունը:

Նոր սերունդն արդեն Եղեռնի հետևանքների վերացում էր պահանջում: Պահանջում էր պատժել Թուրքիան` որպես ցեղասպանություն կազմակերպած պետություն, և հատուցել վնասները, առաջին հերթին և բնականաբար, բռնագրաված Արևմտյան Հայաստանը վերադարձնելով իր իսկական տիրոջը` հայ ազգին: Մանավանդ, որ դրա բոլոր իրավական հիմքերը կային. դրանց համար «հոգացել» էր ֆաշիստական Գերմանիան: Նացիստների իրականացրած ցեղասպանությունը Նյուրնբերգյան դատավարության ժամանակ որակվեց որպես վաղեմության ժամկետ չունեցող պետության կողմից կատարված քրեական հանցագործություն, և դրա դիմաց հատուցում պահանջելու հիմք դարձավ: Մշակվեց մի ծրագիր, որն ընդգրկում էր Գերմանիայի դենացիֆիկացիան, հրեաների նյութական վնասների հատուցումը, և, որ ամենակարևորն է, հրամայական էր դարձնում հրեաների համար Պաղեստինում ազգային օրրան`պետություն ստեղծելու անհրաժեշտությունը:

Մոտավորապես այդ նույն միջոցառումները Առաջին աշխահրամարտից հետո նախատեսված էին նաև հայերիս համար`Սևրի դաշնագրով: Նախատեսված էին, բայց իրականություն չդարձան, քանզի պայմանները բարենպաստ չէին: Պայմանները փոխվեցին, երբ 1990 թ. փլուզվեց Խորհրդային կայսրությունը և Հայաստանը վերստին անկախացավ: Բնականաբար, նոր աշխարհաքաղաքական իրավիճակում անխուսափելիորեն նորովի դրսևորվեց նաև Հայ Դատը: Հայկական ջարդերը Ադրբեջանի թուրքական պետության տարածքում, հաղթանակով պսակված, թեև կիսատ մնացած Արցախյան ազատամարտը մեկ անգամ ևս եկան փաստելու այն պարզ ճշմարտությունը, որ ցանկացած ազգ կարող է իրեն ապահով զգալ միայն սեփական երկրի տարածքում, սեփական պետության ներսում: Համայն հայության ամենաակտիվ մասնակցությունը Արցախյան ազատամարտին ապացուցեց, որ հայերս ոչ միայն չենք հաշտվել մեր ստորացված վիճակի հետ, այլև պայքարելու ցանկություն և կարողություն ունենք, որ շարունակում ենք հանդես գալ որպես մի ամբողջություն, մի ազգ` նույն գաղափարներով ու պահանջներով: Հայ Դատը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ ամրագրվեց որպես մի նպատակ, որի իրագործմանն այուհետ հետամուտ է լինելու պետությունը:

Արդ, ի՞նչ ենք մենք պահանջում այսօր Հայ Դատը հետապնդելով:
Ժամանակն ու պատմությունը քանիցս ապացուցել են, որ ազգի և պետության բնականոն կենսագործնեության և զարգացման համար առնվազն անհրաժեշտ են.

Առաջինը`ռազմական անվտանգություն. ազգը (և պետությունը) պետք է ունենա թշնամուց պաշտպանվելու բարոյական կամք, ֆիզիկական և մտավոր ներուժ, մարդկային ռեսուրսներ` երկրում հնարավորինս հավասար բաշխված, ժամանակակից սպառազինություն ու մարտունակ զինված ուժեր: Արցախյան պատերազմի ժամանակ մենք ապացուցեցինք, չնայած, որ ապացուցելու կարիքը չկար էլ, որ այդ գործոնները մեզ մոտ առկա են:

Երկրորդը`տարածքային անվտանգություն. ազգի և պետության գոյությունն ու անվտանգությունն ապահովելու համար այնպիսի տարածք և սահմաններ են պետք, որոնք, թշնամու հարձակման դեպքում, բացառեն երկրի հնարավոր մասնատման վտանգը, դիմադրություն կազմակերպելու ժամանակ և տարածք ապահովեն: Սահմանները պետք է նաև բնական պատնեշներ լինեն` գետեր, լեռնաշղթաներ:

Երրորդը`հաղորդակցման ուղիների անվտանգություն. երկիրը պետք է ունենա հաղորդակցման այնպիսի ցանց և այնպիսի ելքեր դեպի արտաքին աշխարհ, որոնք հնարավոր չլինի միաժամանակ փակել, ինչպես նաև աշխարհագրական առումով լինեն դյուրանցանելի:

Չորրորդը`պարենային անվտանգություն. երկիրը պետք է ունենա այնպիսի տարածք և սննդամթերքի արտադրական կարողություններ, որոնք նվազագույնի հասցնեն պարենային կախվածությունն արտաքին աշխարհից:

Հինգերորդը`էներգետիկ անվտանգություն. երկրին անհրաժեշտ է էներգիա մատակարարող հզորությունների դիվերսիֆիկացված այնպիսի համակարգ, որի առանձին հատվածներն ունակ լինեն գործել իրարից անկախ, անհրաժեշտության դեպքում լրացնելով կամ փոխարինելով միմյանց, իսկ դասավորությունը պետք է հնարավորինս նվազեցնի թշնամու կողմից մեկ կամ մի քանի հարվածով դրանք գրավելու կամ շարքից հանելու հավանականությունը:

Ակնհայտ է, որ թե Հայաստանի, թե Լեռնային Ղարաբաղի հանրապետությունները միայն մասամբ են բավարարում այս պահանջներին: Մինչդեռ Սևրի դաշնագրով Հայաստանի Հանրապետությանը հատկացված տարածքի սահմանները գծվել էին հենց այս պահանջները հաշվի առնելով: Հայ Դատը լուծված կլինի միայն այն դեպքում, երբ Հայաստանին վերադարձվեն Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի կողմից այսօր, ըստ էության, անօրինաբար տնօրինվող տարածքները, երբ Սփյուռքը կվերադառնա Հայրենիք, երբ Հայ ազգը տերը կդառնա իր երկրին ու կշենացնի այն:

Ինչպե՞ս է դա իրագործվելու` արդեն զուտ տեխնիկական հարց է: Միջազգային իրավունքը այսպիսի հարցերի լուծման համար բավականին հստակ մշակված մեխանիզմներ ունի: Մեր ազգի և պետության հիմնական խնդիրը դրանց կիրառմանը հասնելն է: Անցյալի փորձը բազմիցս ապացուցել է, որ, հավաքական ցանկության դեպքում, այն միանգամայն իրատեսական նպատակ է:

Վերջապես, որքան էլ տարակուսելի թվա, Հայ Դատի ճանաչումն ու դրա հետևանքների վերացումը բխում են նաև Թուրքիայի անմիջական և կենսական շահերից: Այդ երկիրն այսօր կանգնած է շատ ավելի հզոր մեկ այլ դեզինտեգրացիոն մարտահրավերի դիմաց` Քրդական հարցի: Ապագա Թուրքիայի գոյությունն ու ապահով կեցությունը պայմանավորված են նրանով, թե երկրի իշխանությունները որքնով են ըմբռնում և իրատեսական գնահատական տալիս իրենց առջև կանգնած խնդիրներին: Առայժմ նրանք փորձում են ապրել և գործել ավանդական ձևով, սակայն ակնհայտ է, որ այդ, յաթաղանի և ջարդի, սկզբունքն այլևս արդյունավետ չէ: Բոլոր հզոր կայսրությունների փլուզման պատճառներից թերևս հիմնականն այն է, որ դրանք վաղ թե ուշ նախկին գաղութների բնակիչների կողմից ենթարկվում են, եթե կարելի է ասել, «հետգաղութացման», ինչի արդյունքում նախկին իշխող ազգն իր իսկ երկրում փոքրամասնություն է դառնում` իր իշխանությունը, տեղը, դիրքը և հարստությունը զիջելով նախկին գաղութացված ազգերին: Այդպես կործանվեց Հռոմը, այդ գործնթացի ավարտական փուլում են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իսպանիան, գուցե նաև Ռուսաստանը: Կարծել, թե Մեծն և Անաչառ Ուսուցչապետ Պատմությունը բացառություն է անելու Թուրքիայի համար` առնվազն մեծամտություն և միամտություն է:

Հայ Դատի արդար լուծումը նաև երաշխիք է, որ վաղը կամ տեսանելի ոչ հեռու ապագայում չի առաջանա արդեն Թուրքական Դատը, որ թուրքերը իրենք չեն հայտնվի մեր վիճակում: Որքան էլ այդ հեռանկարը առաջին հայացքից ֆանտաստիկ թվա, այն միանգամայն իրատեսական է և հնարավոր:

«Մեկ ազգ, մեկ Հայրենիք, միասնական և մեկ Հայաստան»` սա լոկ հռետորական բանաձև կամ սին երազանք չէ, այլ միակ պայմանը, որ կարող է երաշխավորել Հայ ազգի ապագա մարդավայել կյանքը, մեր արժանի տեղը Երկրի երեսին, բացառել Մեծ եղեռնի կրկնությունը:

Հրազդան ՄԱԴՈՅԱՆ



Категория: Հոդվածներ | Просмотров: 2334 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 1
1 debet sadoyan  
0
Հարգելի Հրազդան, կրկնություն գրելիս մի փոխեք նախկին մտքերը… Խրիմյան Հայրիկը "փայտե շերեփ՛ չի ասել, այլ ասել է "թղթե շերեփ": Դրանք տարբեր բաներ են:
Զգույշ եղեք նոր թշնամություններ հրահրելու գործում, մեկ անգամ ճաշակել ենք դրա պտուղները…

Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ