Քարնեգիի հաստատության ավագ վերլուծաբան Թոմ դը Վաալն այն կարծիքին է, որ հայ-ադրբեջանական սահմանի վրա բախումները կշարունակվեն։ Նրա խոսքերով, մտահոգիչ է այն հանգամանքը, որ հակադիր կողմերի դիրքերը միմյանցից տեղ-տեղ միայն 40 մետր հեռավորության վրա են գտնվում։
«Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայությանը տված հարցազրույցում վերլուծաբանը մեծ տարբերություն է տեսնում Ադրբեջանի պաշտպանության նախարարի եւ երկրի նախագահի ժամանակ առ ժամանակ կրկնվող հայտարարությունների միջեւ։ «Եթե երկրի նախագահը, ասում է նա, հանդես է գալիս սպառանալիքներով, ապա պաշտպանության նախարարը պատերազմի հնարավորության մասին շարունակ կատակում է»։ Վերլուծաբանը սա բացատրում է նրանց համար գոյություն ունեցող տարբեր լսարանների առկայությամբ ու Իլհամ Ալիեւի սպառնալիքներին տալիս միայն քաղաքական տոկոսներ հավաքելու մասին բացատրություն։
Թոմ դը Վաալն ասում է, թե Ադրբեջանը պիտի հասկանա, որ ռազմական եղանակով պատերազմում հաղթանակ չի կարող տանել, ինչի մասին, ըստ նրա, վկայում են հետազոտությունների արդյունքները։
Վաալը դա բացատրում է Լեռնային Ղարաբաղի աշխարհագրական դիրքով ու հայկական բանակի հզորությամբ։
«Բացի նորագույն զենքեր կրելը, պատերազմում հաղթանակ տոնելու համար պետք է կարողանալ հենվել զորքերի վրա, ինչն այս պահին Ադրբեջանն անել չի կարող», ասում է Վաշինգտոնից գործող Քարնեգի հաստատության ավագ վերլուծաբան Թոմաս դը Վաալը եւ ավելացնում, որ պատերազմի դիմելու դեպքում ադրբեջանական կողմը «ադրբեջանցի հազարավոր երիտասարդների կտանի դեպի անխուսափելի մահ»։
/Aysor.am/
|