Ռուսաստանի նախագահ Մեդվեդևը սանձել է Ադրբեջանին, և ի պատասխան դրա` Ալիևը հանդես է գալիս ՄԱԿ-ում հակահայկական նոր բանաձևով, գտնում է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Ռաֆիկ Պետրոսյանը: Այսօր ասուլիսի ժամանակ պատգամավորը տեսակետ հայտնեց, որ թեև մեծ է հավանականությունը, որ հենվելով մահմեդական մի շարք պետությունների դիրքորոշման վրա` Բաքվին կհաջողվի նոր հակահայկական բանաձև անցկացնել ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբելայում, այնուամենայնիվ, փաստաթուղթը որևէ իրավական ուժ չի ունենա:
«Այն պետք է արհամարհել, քանի որ չունի իրավական ուժ»,- նշեց նա, վստահություն հայտնելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները ևս դեմ կարտահայտվեն բանաձևի ընդունմանը, քանի որ այդ փաստթուղթը բացասական ազդեցություն կարող է ունենալ բանակցային ողջ գործընթացի վրա:
Բանախոսը լրագրողների ուշադրությունը նաև հրավիրեց այն փաստին, որ Ադրբեջանը շարունակաբար փորձում է Ղարաբաղյան հակամարտությանը հաղորդել միջկրոնական բնույթ:
Այդ տեսանկյունից ՀՀԿ անդամն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին իր կողմից վարվող համառ հակահայկական քաղաքականության համար գնահատեց ադրբեջաներեն`«ուզուն ախմախ» բառակապակցությունով, ինչը նշանակում է «բարձրահասակ հիմար»:
«Ուզուն ախմախ` իմ գնահատականն է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Երբ մարդը բարձրահասակ է լինում և հորթի համառություն է ցուցաբերում Ադրբեջանում նրան այդպես են ասում: Բա ի՞ նչ է, երբ 160մ բարձրության վրա 40 մետրանոց դրոշ է դնում, որը քամին կես ժամ հետո պատռում է: Երկրորդն է դնում, երկրորդն էլ է պատռում…»,- ասաց Ռ.Պետրոսյանը:
/Aysor.am/
|