Այս տարի լրանում է Հայոց արքայից արքա Տիգրան Մեծի 2150 ամյակը: Հոբելյանի շրջանակներում, ի թիվս տարբեր միջոցառումների և հրատարակությունների, պատմաբան, դոցենտ Արտակ Մովսիսյանը այսօր հանրությանը ներկայացրեց «Տիգրան Մեծ. Թագավորներից մեծագույնը» գիրքը:
«Մենք ունենք Տիգրան Մեծի մասին հիանալի գիտական ուսումնասիրություններ, սակայն մեծ ծավալով գիտական աշխատություններն այսօր չեն կարդում և պետք էր պատկերազարդ, հարուստ նկարներով, քարտեզներով գիտահանրամատչելի գիրք»,- նշեց Արտակ Մովսիսյանը:
Պատմաբանի խոսքով, այս տարի Տիգրան Մեծի հոբելյանը նշելու համար դիմել են տարբեր ատյանների, սակայն ոչ մի արձագանք չի եղել: Ա.Մովսիսյանը շեշտեց, որ անհնար է, որ Նապոլեոն Բոնապարտի կամ Պետրոսի Մեծի հոբելյանները չնշվեն, և Հայոց Արքայից արքայի հոբելյան չնշելը «մեզ համար կրկնակի ամոթ է»:
Արտակ Մովսիսյանը հիշեցրեց, որ այսօր նաև Տիգրան Մեծի Արածանիի ճակատամարտի օրն է, որտեղ նա ջախջախել է Հայաստան ներխուժած հռոմեական բանակներին և դուրս շպրտել:
«Մեզ համար կարևոր են այդպիսի հաղթանակները, քանի որ, ցավոք սրտի, մեր կրթական համակարգը կառուցել ենք գոյամարտերի փառաբանությամբ: Գոյամարտերը ոչ թե պետք է փառաբանել, այլ դաս քաղել: Ինչո՞ւ հասանք այն աստիճանի, որ մեր գոյությունը պետք է վտանգվեր, իսկ փառաբանել պետք է հաղթանակները»,- ընդգծեց պատմաբանը:
/Aysor.am/
|