Նիդերլանդների Բողոքական Եկեղեցիների հրավերով սեպտեմբերի 21-24-ը Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսի Կենտրոնական կոմիտեն իր տարեկան հանդիպումը գումարել է Հոլանդիայի Ուտրեխ քաղաքում:
Ըստ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի, Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսի Կենտրոնական Կոմիտեի հանդիպմանը մասնակցում էր այդ կառույցում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչ, Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի վարիչ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, ով նաև Կոնֆերանսի նախագահ Ֆրանսիայի Էմանուել միտրոպոլիտի հետ ընտրվել է նոր գլխավոր քարտուղարի ընտրության հանձնախմբում:
Ժողովի ընթացքում լսվել են ԵԵԿ-ի գործող գլխավոր քարտուղարի, կառույցի «Եկեղեցիներն երկխոսության մեջ», «Եկեղեցի և Հասարակություն» և Միգրացիայի հարցերով հանձնախմբերի զեկույցները տարեկան գործունեության մասին: Կենտրոնական կոմիտեն քննել և հաստատել է Եկեղեցիների Եվրոպական Կոնֆերանսի 2011 թ. աշխատանքային հրամայակաները, լսել ԵԵԿ-կառույցը վերակազմավորող հանձնախմբի զեկույցը և հանձնարարականներ տվեց հետագա աշխատանքների համար:
Կենտրոնական Կոմիտեն լսել է նաև Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսի և Եվրոպայում Կաթոլիկ Եկեղեցու Եպիսկոպոսական Խորհրդի միջև համագործակցության հատուկ հանձնախմբի զեկույցը:
Կոմիտեի անդամները մտքեր են փոխանակել «Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսի առաքելությունն այսօրվա աշխարհում» թեմայի շուրջ` հաստատելով, որ Կոնֆերանսը մի կառույց է, որտեղ եկեղեցիները իրենց ներկայացուցիչների միջոցով հանդիպում են միմյանց ավելի լավ ճանաչելու համար, ինչի միջոցով լսելի է դառնում ավելի փոքր Եկեղեցիների, խոցելի խմբերի ձայնը արդարության և խաղաղության հարցերի շուրջ: Նաև կարևորվել է աշխարհում ԵԵԿ-ի կատարած ջատագովական աշխատանքը, ինչպես նաև կազմակերպած աստվածաբանական քննարկումները:
Եվրոպական Եկեղեցիների կոնֆերանսը ընտրել և հաստատել է 2013թ. համաժողովը նախապատրաստող հանձնախմբի անդամներին: Սեպտեմբեր 23-ի երեկոյան Կենտրոնական Կոմիտեի անդամները հանդիպել են Հոլանդիայի Եկեղեցիների ներկայացուցիչներին, որոնց մեջ էր է եղել Հոլանդիայի հոգևոր հովիվ Տ. Տաթև վարդապետ Հակոբյանը, ով ներկաներին տեղեկություններ է հայտնել Հոլանդիայի հայ համայնքի և գործող հինգ ծխերի հոգևոր կյանքի ու էկումենիկ կապերի մասին:
/Times.am/
|