Այսօր «Լեռնային Ղարաբաղ. Ինչպես է դա եղել» գրքի շնորհանդեսի ժամանակ գրքի հեղինակ, պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանը, խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ, նշեց, որ մենք աշխարհագրական Լեռնային Ղարաբաղից դուրս չենք եկել և, ըստ նրա, մոռացության է մատնվել մեր սահմանների լեգիտիմությունը և Ադրբեջանի սահմանների ոչ լեգիտիմ լինելը:
«Սահմաններն ածանցվում են ինքնորոշման ակտից: Մերօրյա Ադրբեջանի սահմաններում երբևիցե լեգիտիմ ինքնորոշում տեղի չի ունեցել` ոչ 1918թ.-ին, ոչ 1920թ.-ին և ոչ էլ 1991թ.-ին»,- շեշտեց բանախոսը և փաստեց, որ մերօրյա Ադրբեջանը լեգիտիմ սահմաններ չունի հատկապես, որ վերադարձել է 1918-20թ.-ի Ադրբեջանի հանրապետությանը, որն ընդհանրապես սահմաններ չի ունեցել` ոչ ճանաչված, ոչ կայացած:
«Ադրբեջանի տարածքային ամբողջականություն հասկացությունը Ադրբեջանի նկատմամբ այսօր էլ կիրառելի չէ: Այսօր էլ ադրբեջանական հանրապետությունը թե տարածքային ամբողջականության տեսակետից, թե սահմանների լեգիտիմության տեսակետից` օրինական պետություն չէ»,- նշեց Ալեքսանդր Մանասյանը:
Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ապա բանախոսը շեշտեց, որ ԼՂ-ն միջազգային իրավունքի տեսակետից կայացել է «լրիվ լեգիտիմ ձևով»:
Ա.Մանասյանը, նշելով, որ հետխորհրդային տարածքում ամենաժողովրդվարական հանրապետություններից մեկը Լեռնային Ղարաբաղի հանրապետութունն է, բանախոսը փաստեց, որ «ժողովրդավարության ամենաբարձր իդեալները հայտնվել են շրջափակման մեջ» և ԼՂ-ում Արևմուտքի դիտորդների զարմանքը հարուցած` «նույնիսկ եվրոպական ստանդարտները գերազանցող ընտրություններ են տեղի ունենում»:
«Եվ այդ բոլորով հանդերձ, Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը ճանաչված չէ…», ցավով արձանագրեց Ալեքսանդր Մանասյանը:
/Aysor.am/
|