ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնեց Արագածոտնի մարզ` ծանոթանալու խաղողագործության ոլորտի վիճակին: Այցի շրջանակներում երկրի ղեկավարն այցելեց 2007 թ.-ին մարզի Կոշ և Սասունիկ համայնքների միջև հիմնված «Գոլդեն Գրեփ Արմաս» ՍՊԸ: Նախագահը մասնակցեց ընկերության գործարանի հիմնարկեքին:
Սերժ Սարգսյանը ծանոթացավ մոտ 220 հա անմշակ տարածքների վրա ստեղծված ձեռնարկության գործունեությանը: Ընկերության սեփականատեր Արմեն Ասլանյանը Նախագահ Սարգսյանին ներկայացրեց ընկերության տարածքում գինու և կոնյակի գործարանի կառուցման հեռանկարային ծրագրերը:
Երկրի ղեկավարը շրջեց խաղողի այգիներով, զրուցեց ձեռնարկության աշխատողների հետ:
Ինչպես լրագրողների հետ զրույցում հայտնեց Արմեն Ասլանյանը, 2007 թ.-ին Կոշի և Սասունիկի 220 հա տարածքների վրա տնկվել է մոտ 400 000 խաղողի արմատակալ և 10 000 ծառերի տնկիներ: Ըստ սեփականատիրոջ` այգիների 80 տոկոսը պետք է կազմեն հայկական կոնյակի համար նապատեսված խաղողի տեսակները, իսկ 20 տոկոսը նախատեսված է սեղանի գինիների համար:
Ընկերության կողմից կառուցվել է նաև 10 000 խ/մ տարողությամբ ջրամբար, իսկ գյուղատնտեսական և շինարարական աշխատանքների համար տեխնիկա է բերվել ԱՄՆ-ից և Իտալիայից:
Արմեն Ասլանյանը նաև հայտնեց, որ կառուցվող գործարանի շինարարական աշխատանքները կավարտվեն մինչև 2011 թ.-ի վերջը, իսկ տեղում գործարանի հիմնումը հնարավորություն կտա կախվածության մեջ չընկնել տրանսպորտային միջոցներից և մեկ ուրիշ մարզ տեղափոխելու խնդրից:
Ըստ «Գոլդեն Գրեփ Արմաս» ընկերության սեփականատիրոջ` այստեղ նախատեսվում է կառուցել նաև դեգուստացիոն սրահներ և զրագացնել ագրոտուրիզմը:
Նա տեղեկացրեց, որ այս պահին ընկերությունում աշխատում է մոտ 80 մարդ, իսկ գործարանի շահագործումից հետո նախատեսվում է ներգրավել մոտ 300 աշխատակից: /Aysor.am/
|