Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 2-ին պետական պարգեւներ եւ կոչումների վկայականներ է հանձնել Արցախի հանրապետությանը ծառայություններ մատուցած մի խումբ քաղաքացիների:
ԼՂՀ նախագահը մասնակցել է նաեւ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում նկարների ցուցահանդեսին եւ «Կարոտ» միջազգային հայկական 3-րդ փառատոնի բացման հանդիսավոր միջոցառմանը ու հանդես եկել ողջույնի խոսքով:
«Թանկագին հայրենակիցներ, Հարգարժան հյուրեր,
Ուրախ եմ ողջունել բոլորիդ:
Եվ նախեւառաջ ուզում եմ ի սրտե շնորհավորել արցախցիներին մեր պետական տոնի` Արցախի Հանրապետության օրվա առթիվ: Այդ իրադարձությունը ունեցավ համահայկական նշանակություն եւ նոր էջ բացեց մեր նորագույն պատմության մեջ: Մայր Հայաստանի եւ աշխարհասփյուռ հայության հետ միասին Արցախը, դիմակայելով բազմաթիվ դժվարությունների, կարողացավ պահպանել ու ամրապնդել իր պետական անկախությունը եւ անվտանգությունը, հուսալի հիմք ստեղծել կայուն զարգացման համար:
Մեր բոլոր հաղթանակների եւ ձեռքբերումների հիմքում ընկած է առաջին հերթին Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիությունը: Այդ միասնության ամրապնդման գործում անգնահատելի է մշակութային կապերի ընդլայնման եւ ոլորտի զարգացման նշանակությունը: Եվ այս գործընթացում իր ուրույն դերակատարությունն ունի «Կարոտ» միջազգային փառատոնը, որը մեկնարկեց 2008 թվականին եւ դարձավ համահայկական նշանակալի իրադարձություն:
Փառատոնի կազմակերպման գործում իրենց ջանքերն են համադրում Հայրենիքի եւ Սփյուռքի պետական ու հասարակական կազմակերպությունները, բիզնես շրջանակները, մշակույթի ականավոր ներկայացուցիչներ, մարդիկ, ում համար հայ ինքնության եւ ազգային ժառանգության պահպանումը հանդիսանում է բացառիկ արժեք:
«Կարոտի» աշխատանքները դրական լիցք են հաղորդում նաեւ մշակութային միջազգային երկխոսության զարգացմանը, նպաստում են արտերկրում հայկական մշակույթի ճանաչելիությանը, ինչպես նաեւ տարբեր երկրների ու ժողովուրդների մշակույթը Հայաստանում եւ Արցախում ներկայացնելու գործընթացին: Այն, որ այսօր մեզ հետ միասին այստեղ են Ամերիկայից, Ռուսաստանից, Եվրոպայից, Մերձավոր Արեւելքից եւ այլ տարածաշրջաններից ժամանած անվանի երաժիշտներ, դերասաններ, մշակույթի ականավոր գործիչներ` դրա վառ ապացույցն է: Մենք խորապես շահագրգռված ենք եւ բաց ենք նման համագործակցության համար:
Ավարտելով խոսքս` ուզում եմ շնորհակալություն հայտնել «Կարոտ» միջազգային փառատոնի կազմակերպիչներին, Հայ մշակույթի զարգացման հիմնադրամին` այս կարեւոր միջոցառումն Արցախում անցկացնելու համար: Հուսով եմ, որ այն կլինի շարունակական եւ կդառնա բարի ավանդույթ:
Կրկին շնորհավորում եմ բոլորիդ եւ մաղթում հաջողություններ ու ամենայն բարիք», - ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ` իր խոսքում ասել է Բակո Սահակյանը: /Aysor.am/
|